Հարցազրույց

29.12.2009 18:13


Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյան

Հարցազրույց «32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանի հետ

-Որո՞նք էին 2009-ի բացթողումներն ու ձեռքբերումները։

-Բացթողումներ հիմնականում չեն եղել, քանի որ ինչ որ պլանավորված է եղել այս տարի, փորձել ենք իրականացնել։ Ավելի շատ ձեռքբերումների տարի եմ համարում՝ համերգներով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում «32 ատամ» ակումբի ավանդական դարձած հանդիպումներով։ Նվաճում ու նաև մեծ ձեռքբերում էր 32+7,5 համատեղ համերգը։ Ձեռքբերում էր նաև մեր կայքի ստեղծումը։ Այնպես որ 2009-ը բավական բեղուն տարի էր «32 ակումբի»  համար։ Չենք դժգոհում այս տարվանից։ Եթե 2010-ը տա թեկուզ 2009-ի կեսը, էլի լավ է։

-Այս տարվա ընթացքում մի հեռուստաընկերությունից տեղափոխվեցիք մեկ այլ հեռուստաընկերություն։ Դա ինչ-որ կերպ չանդրադարձա՞վ Ձեր հաղորդումների վրա։

-Ամեն ինչ գնում է իր պլանով, և մեր խումբն աշխատում է։ Պատրաստում ենք հաղորդումներ։

-Եթե հետևել եք քաղաքական իրադարձություններին, ապա ինչպիսի՞ն էր քաղաքական տարին։

-Այն, որ այս տարի քաղաքական դաշտում ակտիվություն կար, միանշանակ է։ Պասիվ լինելուց ու ոչինչ չանելուց ավելի լավ է ակտիվությունը։ Ավելի լավ է ինչ-որ բան անել, քան լուռ նստել։ Կարծում եմ, որ այդ ակտիվությունը հաստատ իր արդյունքը կտա, թեև չեմ կարող ասել՝ լա՞վ, թե՞ վատ։ Շատ քաղաքականացված չեմ. հետևում եմ զուտ իրադարձություններին։ Պարզապես ցանկանում եմ, որ շատ լավ լինի։

-Որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը։

-Իմ կյանքում այս Ամանորն իրադարձություն է։ Աշխատանքի բերումով 11 տարի շարունակ ես տանը չեմ դիմավորել Նոր տարին, իսկ 2010թ. Ամանորը պատրաստվում եմ նշել տանը՝ կնոջս ու տղայիս հետ։

-Ո՞ր կենացն եք առաջինը խմում։

-Առողջություն բոլորին։

-Ինչպիսի՞ նվերներ եք սիրում մատուցել։

-Նյութական առումով մի քիչ դժվար է ասել, թե ինչ եմ սիրում նվիրել։ Համենայնդեպս, ամենամեծ նվերը համարում եմ այն, որ ուր էլ գնամ, սպասված, ցանկալի հյուր լինեմ, ու հաճելի լինի իմ ներկայությունը, տրամադրություն հաղորդի։

-Ի՞նչ եք ցանկանում Ձմեռ պապիկից։

-Առանձնապես շատ բան չեմ ուզում Ձմեռ պապիկից. ուզում եմ, որ ձյուն լինի, որպեսզի ամեն ինչ շատ սիրուն լինի։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը