Լրահոս

10.11.2010 15:33


Հայաստանը մասնակցել է Ալմաթիում կայացած «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսին

Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը առանձին տաղավարով:

Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն ընձեռնվեց իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին:

Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար այցելեցին մեծ թվով հյուրեր, գործարարներ: Հայկական պատվիրակության անդամները կապեր հաստատեցին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ծանոթացան տեղի շուկայի պայմաններին եւ հնարավորություններին, հանդիպումներ ունեցան Ղազախստանի գործարար շրջանակների հետ:

«World Food Kazakhstan» միջոցառման վերջին օրը' նոյեմբերի 5-ին կազմակերպիչների կողմից Հայաստանի ներկայացուցիչներին հանձնվեց «Տարվա բացահայտումը» վկայագիրը' մասնակցության համար, իսկ «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի «Նաիրի» կոնյակը ճանաչվեց ցուցահանդեսի լավագույն արտադրանքը եւ արժանացավ ոսկե մեդալի:

Այս խորագրի վերջին նյութերը