Քաղաքական

09.02.2017 16:35


Վարդան Օսկանյան. «Մի՛ թողեք, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Մի՛ թողեք, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն» (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ելույթը կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին.

Սիրելի՛ երիտասարդներ,

Ողջունում և շնորհավորում եմ ձեզ: Իսկապես շատ ուրախալի և հուզիչ է այս ամբիոնից տեսնել այսքան երիտասարդ՝ հավաքված մեկ վայրում, որովհետև սա նշանակում է, որ դուք անտարբեր չեք երկրի խնդիրների նկատմամբ, և նաև ուզում եմ, որ երկրի ապագան, ձեր ապագան վերցնեք ձեր ձեռքը:

Կարծում եմ՝ դուք ընտրել եք քաղաքական ներգրավվածության թե՛ ճիշտ ժամանակը, թե՛ ճիշտ միջոցը՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը:

Ճիշտ ժամանակն է, որովհետև մենք խորհրդարանական ընտրությունների առաջ ենք. շուտով տեղի կունենան դրանք: Ինչպես այստեղ նշվեց, այս ընտրությունները ճակատագրական են լինելու, այս ընտրություններում որոշվելու է մեր երկրի, ձեր երկրի ապագան հաջորդ տասնամյանկների համար: Դուք չեք կարող անտարբեր լինել ձեր ապագայի նկատմամբ, ներգրավվե՛ք, իսկապես համարձակվե՛ք ներգրավվել, դա ձեր իրավունքն է, դա ձեր պարտականությունն է, դա ձեր սահմանադրական իրավունքն է:

Մի՛ թողեք, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն: Դուք զգացեք ձեզ որպես երկրի տերեր, նույնիսկ մի՛ թույլ տվեք, որ ձեր ծնողները ձեզ պարտադրեն: Հաջորդ տասնամյակը ձեր ծնողներինը չի լինելու, իմը չի լինելու, ձերն է լինելու, և դուք եք ձեր տերերը:

Մենք այս ընտրություններին գնում ենք նոր Սահմանադրությամբ, որը մեզ բոլորիս պարտադրվել է: Այս Սահմանադրությունը մեր ժողովրդի կամքը չի արտահայտում, այն արվել ու փոփոխվել է, որպեսզի այսօր իշխող ուժը նորովի վերարտադրվի, բայց այդ փոփոխություններն այնքան հիմնարար են, որ արդեն կարելի է ասել, որ մենք մի նոր հանրապետության ժամանակաշրջան ենք մտնում։ Եթե մենք բոլորս հանդուրժենք, որ այսօրվա հանրապետությունն այսպիսի իրավիճակի հասցնող մարդիկ շարունակեն իշխել, ապա ես կարող եմ այս ամբիոնից ձեզ վստահեցնել, որ հաջորդ հանրապետությունը լավ ապագա չի խոստանալու ո՛չ ձեզ, ո՛չ հաջորդ սերունդներին:

Դուք ընտրել եք ճիշտ միջոցը՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը, որովհետև այն ստեղծվել է հենց սրա դեմ պայքարելու, այս ամենը կանխելու համար: ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը ստեղծվել է, որովհետև մենք հավատում ենք, որ իսկապես կարելի է այս երկրում շատ բան փոխել: ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ ստեղծվել է, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը շատ ավելիին է արժանի, մենք համոզված ենք, որ պատճառ չկա, որ մեր ժողովուրդը լինի այն վիճակում, որում հիմա է գտնվում: Մենք համոզված ենք երիտասարդության ուժի մեջ, և ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը ստեղծված է այնպիսի մարդկանց կողմից, որոնք ոչ միայն նվիրված են երկրին, հայրենիքին, այլ նաև ունեն փորձ և՛ իշխանության, և՛ ընդդիմության հարցերում:

Աղբյուրը՝ «zham.am»

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը