Քաղաքական

13.02.2017 14:50


Վարդան Օսկանյան. «Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են» (տեսանյութ)

Փետրվարի 13-ին տեղի ունեցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ Վարդան Օսկանյանի ելույթը։

–Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ՝ ասեմ, որ ես հարյուր տոկոսով երկրորդում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը՝ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, երկրում տիրող վիճակի, ինչպես նաև այս դաշինքի ստեղծման, դրա պատմական լինելու հանգամանքի և նաև մեր վճռականությամբ հասնելու հաղթանակի։ Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննսիյանին և ինձ շատ բան է միավորում և՛ անցյալում, և՛ այսօր։ Երեքս էլ եղել ենք Արցախի, Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում։ Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, Րաֆֆի Հովհաննիսյանը և ես եղել ենք դիվանագիտական ճակատում, և յուրաքանչյուրս այս տարիների ընթացքում մեր ներդրումն ենք բերել Հայաստանի պետականության կայացմանը։ Ես և Րաֆֆին անկախության առաջին օրերին, Րաֆֆին՝ նաև ավելի շուտ՝ երկրաշարժից անմիջապես հետո, թողել է իր հանգիստ կյանքը նահանգներում, վերադարձել հայրենիք։ Ես դա արել եմ 1991թ.՝ անկախությունից անմիջապես հետո։ Մենք եկել ենք մեծ հույսերով, իղձերով, որպեսզի կարողանանք իսկապես ստեղծել առաջին հերթին մեր նախնիների երազած Հայաստանը, բայց ամենակարևորը ստեղծել մեր ապագա սերունդների համար հանգիստ, անկախ, բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ և ապրել։ Այս ճանապարհը բավական քարքարոտ է եղել։ 25 տարի արդեն անցել է այդ օրերից, և, բնականաբար, այն, ինչ մենք ցանկացել ենք, դեռևս շատ հեռու է իրականություն լինելուց։ Սա մեր հազվագյուտ առիթներից մեկն է՝ երկրում իրավիճակ փոխելու, քանի որ մենք երեքով, մեր համախոհներով, մեզ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ իսկապես շատ արագ շատ բան կարելի է Հայաստանում փոխել։

Այսօր Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունացման, անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են։ Դա արդեն ապացուցվել է, և ինչպես նախկինում մեր նվիրումն էր մեզ համատեղում, այսօր մեր այս հավատքն է, որ մենք իսկապես կանգնած ենք մի պատմական պահի առաջ և զգում ենք այդ պատասխանատվոթյունը՝ միասին կարողանալու երկրում իրավիճակ փոխելու։ Եվ, ահավասիկ, սա է որ մեզ մղում է, սա է որ մեզ միավորում է, և մենք ուղղակի համոզված ենք, որ մեր համատեղ ջանքերով, և մեր ժողովրդի աջակցությամբ հաղթանակը մերն է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը