Լրահոս

11.01.2010 12:07


Գյումրու անօթևաններին նորից խաբեցին, պատասխանատուներ չկան, սովորականի պես

Չնայած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնաների ամպագորգոռ ու շնչասպառ խոստումներին, 2009 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար կառուցվող որեւէ բնակարան շահագործման չի հանձնվել:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2009 թվի դեկտեմբերի 4-ին կոչ էր հրապարակել' ուղղված լրագրողներին եւ ԶԼՄ-ներին, կոչում մտահոգություն էր հայտնել այն մասին, որ գյումրեցի անօթեւաններին խոստացված եւ մինչեւ տարեվերջ շահագործման հանձնվելիք բնակարանների շինարարությունը ձախողված է: Դրան հետեւել էր «Ժառանգության» կուսակցության հայտարարությունը, որում նույնպես նման մտահոգություն էր հայտնվել: Դեկտեմբերի 7-ին շինարարության կապալառու «Գլենդել Հիլզ» ընկերությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորաբար, ասվում էր. «...22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը' վերջին փուլում են: Տանիքները և ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները»: Նույն օրը Գյումրի այցելած ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը լրագրողներին ասել էր. «Չեմ կարծում, որ պետք է կասկածի տակ առնել ծրագրի իրականացումը, որովհետև շինարարությունն ընթացքի մեջ է. այս տարի 1050 բնակարանի շինարարություն է ավարտվելու, իսկ մյուս տարի ավարտելու ենք 1980 բնակարանի շինարարությունը»:

Դեկտեմբերի 23-ին շինհրապարակ այցելած Սերժ Սարգսյանը, դժգոհելով շինարարության որակից, Շիրակի մարզպետարանում չնախատեսված խորհրդակցություն է ունեցել իր ենթակաների հետ: Մեկ ժամ տեւած դռնփակ խորհրդակցությունից հետո նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը լրագրողներին որոշ մանրամասներ է հաղորդել։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, «...Ս.Սարգսյանը ասել է, թե շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը՝ Ս.Սարգսյանը կարգադրել է ամբողջությամբ վերացնել եղած թերությունները եւ, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բացթողումների հետ կապված' կառուցապատող ընկերությունը եւ համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետեւություններ անեն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները»:

Անհասկանալի է մնում այն, թե մինչեւ Ս.Սարգսյանի այցելությունը ու՞ր էին շինարարության վերահսկիչներն ու համապատասխան նախարարները, որոնք անգամ դեկտեմբերի 7-ին հավաստիացնում էին, թե խոստացված բնակարանները կհանձնվեն մինչեւ տարեվերջ: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը խոստովանում է, որ 2009 թվի դեկտեմբերի 4-ին լրագրողներին ուղղված իր կոչում սխալ է գնահատել Մուշ-2 թաղամասում ընթացքող շինարարության տեմպերը, մասնավորաբար, կոչում մտահոգություն է հայտնել, թե մինչեւ տարեւվերջ այստեղ կարող են շահագործման հանձնվել առավելագույնը 250 բնակարան: Այժմ պարզ դարձավ, որ այդ ենթադրությունը ՀՀ կառավարության եւ կապալառու շինկազմակերպության հնարավորությունների ու պատասխանատվության սաստիկ գերագնահատման հետեւանք է եղել. 2009 թվի դեկտեմբերի 31-ի ժամը 23:59-ի դրությամբ ոչ կառավարությանը եւ ոչ էլ անօթեւաններին շահագործման չի հանձնվել որևէ մեկ բնակարան մեկ տարի շարունակ խոստացված 1320 (ապա' 1056)-ից:

Այսպիսով, անօթեւաններին հերթական անգամ խաբեցին: Այս խաբեության եւ ձախողման  գլխավոր պատասխանատուները հարկատուների միջոցները տնօրինողներն են' իշխանությունների համապատասխան եւ վերը հիշատակված ներկայացուցիչները: Այս ձախողման երկրորդական պատասխանատուն շինարարության կապալառու կազմակերպությունն է: Ինչքան էլ կուլիսներում նրանք փորձեն պատասխանատվության բեռը միմյանց վրա հրել, խաբված անօթեւանների հոգսերը դրանից չեն պակասում, փաստը մնում է փաստ, որ, չնայած մեկ տարի շարունակ հնչած բազմերանգ ճռվողյուններին եւ ինքնապաշտպանական ծղրտոցներին, Գյումրիում պետական պատվերից ոչ մի բնակարան խոստացված ժամկետում շահագործման չհանձնվեց:

Տեղական եւ մարզային իշխանությունները այս խաբեության եւ ձախողման մասին ծպտուն չեն հանում, անձնվեր լռության են մատնված, չեն խոսում, ելույթներ չեն ունենում, պատասխանատության չեն կոչում ու ոչ էլ պատասխան են տալիս: Նորից խորամանկ են կամ այդպիսին են ձեւանում, մինչեւ անցնի վտանգը:

Ոչ մի պաշտոնյա այս ձախողման համար ներողություն չի խնդրել 21 տարուց ավելի է բնակարանի սպասող անօթեւաններից: Բավականաչափ իրատես ենք վստահաբար ասելու, որ այս ձախողման համար ոչ մի պաշտոնյա կամ կազմակերպություն վարչական կամ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:

Իշխանությունները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հանրությանն այն մասին, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր ձախողեցին գյումրեցի անօթեւանների համար բնակարանաշինության առաջին հերթի աշխատանքները, նշելով այն միջոցառումները, որոնցով պատասխանատվության են ենթարկվել կամ ենթարկվելու ձախողման մեղավորները: Բացի այդ, իշխանությունները, օրինական պարտականություններով ծանրաբեռնված լինելու տպավորություն ստեղծելու համար գոնե, պարտավոր են ողջամիտ պարբերականությամբ եւ բավարար մանրամասնություններով հանդես գալ հանրային հաշվետություններով այն մասին, թե ինչպես են ծախսվում հանրային միջոցներն այս ամբողջ շինարարության ընթացքում:    

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը