Մեկնաբանություն

14.02.2017 00:45


Սեյրան Օհանյանի գլխավոր «մեսիջը»

Սեյրան Օհանյանի գլխավոր «մեսիջը»

Ապրիլյան քառօրյա մարտերը և մեր ունեցած կորուստները ցույց տվեցին, թե ինչի են հանգեցրել արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունն ու ներքին՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը։

Պարզ է, որ բանակը մենակ էր մնացել։

Պարզ է նաև, որ հակառակորդը լկտիացավ մեր թուլացման արդյունքում։

Ասել, որ բանակում խնդիրներ և բացթողումներ չեն եղել, սխալ կլինի։ Բայց ցանկացած բանական էակի համար էլ պարզ է, որ բանակի ամրությունը պայմանավորված է թիկունքով, այսինքն՝ պետության տնտեսական վիճակով, քաղաքական ղեկավարության վարած քաղաքականությամբ և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտով։

Փաստն այն է, որ 2011թ. կազանյան գործընթացից հետո Սերժ Սարգսյանը մատը մատին չի տվել մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Մինչդեռ նա պարտավոր էր դա անել ի պաշտոնե։ Ալիևը պատրաստվել է պատերազմի, իսկ Սարգսյանը՝ «տոկոսխփոցիի»։ Այդ ամենի արդյունքում լրջագույն հարվածներ ստացանք։

Երբ թիկունքում թալան է, երբ երկրում փող են քամում անգամ ասֆալտի վրա կարմիր ներկ շաղ տալով, դժվար է այլ բան ակնկալել, քան «անպետք» հողերի կորուստը։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսեց հենց թիկունքի մասին։ Նրա գլխավոր «մեսիջն» այն էր, որ առաջին գծում լարվածության թուլացումն ու մեր երկրի անվտանգության ապահովումը ավելի շատ թիկունքի խնդիրն են: Իսկ թիկունքում փոփոխություններ են պետք։

«Մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում»,– նշված է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքային համաձայնագրում։ Հասկանալի է, որ նոր որակի իշխանությունը չի կարող լինել այսօրվա իշխանության վերարտադրման միջոցով։

Նոր որակի իշխանությունը տևական խաղաղության միակ երաշխիքն է։ Բանակի թիկունքը չի կարող աղքատության աճի, ներդրումների կրճատման, ահագնացող արտագաղթի ու կապիտալի արտահոսքի միջոցով ապահովվել։ Ճիշտ հակառակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը