Հարցազրույց

11.01.2010 18:30


Հմայակ Հովհաննիսյան

Հմայակ Հովհաննիսյան

Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունը, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, պատգամավոր է դարձել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը։

-Արդեն քարոզարշավի ժամանակ՝ նախընտրական շրջանում, պարզ էր, թե ինչ միջոցների են դիմելու իշխանություններն այդ անձնավորությանը, ով ոչ մեկին հայտնի չէր, ում գոյության մասին մինչև ընտրություններն ընտրողների 99,9%-ը չգիտեր, ով բացի իր ազգականներից, այդ թվում՝ քաղաքապետ Բեգլարյան Գագիկից և նույն մուտքում բնակվող հարևաններից ուրիշ ոչ ոքի մոտ ճանաչում չունի, անկացնելու համար։ Իշխանությունները, նույն քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պետք է դիմեին ամենաբիրտ, ամենասանձարձակ միջոցների, ինչը և եղավ։ Իմ կանխատեսումները լիովին իրականացան, որովհետև ես որևէ պատրանք չունեի այդ առումով, և դեռ երկու ամիս առաջ՝ մեր հեռուստաբանավեճից հետո, որը եթեր հեռարձակվեց «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» ծրագրով, որտեղ այդ Արա Սիմոնյանը հանրությանը բացահայտեց իր դեմքը, կերպարը՝ հանդես գալով որպես գողական հասկացությունների բանիմաց և դրանցով առաջնորդվող անձնավորություն, ահա այդ հաղորդումից հետո ես միանշանակ ասացի, որ այդպիսի մեկին անցկացնելու համար Գագիկ Բեգլարյանը պետք է մոբիլիզացնի ինչպես իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսն ամբողջությամբ, այնպես էլ այդ ընտրատարածքում բոլոր սափրագլուխներին, նարկոմաններին, խուլիգաններին, գողականներին, և միայն այդ համըդհանուր մոբիլիզացման միջոցով կարող է ապահովել ցանկալի արդյունք, ինչը և տեղի ունեցավ։

-Եթե արդեն իսկ այդ կանխատեսումն ունեիք, այդ դեպքում ինչո՞ւ հունվարի 8-ի հանրահավաքում հայտարարեցիք, որ հունվարի 10-ի ընտրությունը լինելու է յուրօրինակ հանրաքվե Նիկոլ Փաշինյանի հետ կապված, ու որ առաջին անգամ ընդդիմության ձայները չեն տրոհվելու և այլն։  

-Չէ՛, մի րոպե։ Ես շատ պարզ, հստակ ասացի հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը հաղթանակած թեկնածու է, եթե տեղի ունենա ընտրությո՛ւն՝ քիչ թե շատ նորմալ քվեարկություն։ Ա՛յս ընտրությունները հրեշավոր էին. ուրիշ բառ չեմ գտնում։ Այսինքն, երբ հաշվի չեն նստում ո՛չ դիտորդների, ո՛չ լրագրողների հետ, երբ հրում են, գետին են գցում և՛ լրագրողներին, և՛ ամերիկյան դեսպանատան ներկայացուցչին։ Սա մի ընտրություն էր, որն ավելի շատ նման էր դիվերսիայի՝ իրականացված  հանրապետության նախագահի դեմ, որովհետև հանրապետության գործող նախագահի համար այս ընտրությունները մեծ կարևորություն ունեին, քանզի դրանք մրցակցային հիմունքներով անցկացվող առաջին համապետական ընտրություններն էին նախագահական ընտրություններից հետո։ Ինչ վերաբերում է նրան, որ հանրահավաքի ընթացքում ես ասացի, որ այս ընտրությունները հանրաքվե են, և ենթադրվում է ակտիվ մասնակցություն, այո՛, այդ ակտիվ մասնակցությունը տեղի չունեցավ։

-Ինչո՞ւ տեղի չունեցավ։

-Սա կարևոր հարց է։ Որովհետև արդեն ցերեկը, երբ քվեարկությունը չէր հատել էկվատորը, հայտնի դարձավ, որ հարձակվել են Պետրոս Մակեյանի վրա, որ ծեծ ու ջարդ է տեղի ունենում, որ մոբիլիզացվել է խուժանը։ Նաև ընտրություններից առաջ՝ դեկտեմբերի 28-ին, դաժան ծեծի ենթարկվեցին Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք, հայտնվեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես նաև հանրահավաքը, որն իրազեկված էր, և այդ իրազեկումն ընդունվել էր քաղաքապետարանի կողմից, չլուսաբանվեց և ոչ մի հեռուստաալիքի կողմից, ինչը ցույց է տալիս, որ այդ բոլոր հեռուստաալիքները, այդ թվում նաև «Երկիր Մեդիան», որն իրեն ներկայացնում է որպես ավելի ազատ և այլընտրանքային, ղեկավարվում են նույն կենտրոնից։ Ոչ մի ինֆորմացիա, պատկերացնո՞ւմ եք։ Երթ է տեղի ունենում Երևանի կենտրոնում ընտրությունների նախօրյակին՝ քարոզարշավի վերջին օրը, այն պայմաններում, երբ քարոզարշավն աղճատվել էր, և ոչ մի հեռուստաալիք չլուսաբանեց հանրահավաքը։

-Այսինքն, քվեարկությանն ընտրողների ցածր մասնակցությունը պայմանավորում եք այն հանգամանքով, որ նրանք վախեցե՞լ են, թե՞ տեղյակ չեն եղել ընտրությունների մասին։

-Ահաբեկվել են։ Սա ահաբեկապետությանը բնորոշ իրավիճակ է։ Ահաբեկված էին, երբ պատուհաններից տեսան՝ ոստիկանությունն ինչպես էր երկու շարքով շարվել, աքցանի մեջ վերցրել երթի մասնակիցներին՝ պատրաստ հարձակվելու ցուցարարների վրա, պատրաստ կրկնելու մարտի 1-ը։ Մարդիկ տեսնում էին, որ ընտրությունների նախօրյակին ներքին զորքերի ողջ անձնակազմը ոտքի է հանվել։ Բա դրանից հետո, երբ 10 զոհ եղավ մարտի 1-ին, ըստ որում՝ բոլորն էլ անկուսակցական, մարդիկ իրենց երեխաներին, քույրերին, եղբայրներին կթողնե՞ն, որ գնան մասնակցեն նման ընտրությունների։ Ահա սրանո՛վ է պայմանավորված այդ 20%-անոց մասնակցությունը։ Մարդիկ վախենում են, որ ընտրատեղամասում մեկը կկրակի մյուսի վրա, իսկ «пуля дура»՝ փամփուշտը կգա, կկպնի իրեն կամ իր որդուն, եղբորը, քրոջը։ Ահաբեկված են մարդիկ, և այս մթնոլորտը ստեղծվեց քարոզարշավի ընթացքում։ Պատահական չեն շենքերի պատուհաններից երիտասարդներին ուղղված աղաղակները՝ գնացե՛ք այստեղից, մե՛ղք եք, էլ մի՛ բաժանեք այս թռուցիկները, գործ չունե՛ք, ձեզ կսպանեն։ Դրանից հետո էլ ո՞վ կգնա ընտրության։

-Ասում եք՝ այսպիսի քվեարկությունը դիվերսիա էր ՀՀ նախագահի դեմ։ Այսինքն, կարծում եք, որ նախագահի հրահանգո՞վ չեն տեղի ունեցել ընտրախախտումները։

-Ես վստահ եմ, որ ամենամեծ քաղաքական դիվիդենտներն այս ընտրություններից քաղելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, և ընդհակառակը՝ ամենամեծ կորուստներն ունենալու է Սերժ Սարգսյանը։ Ես ասում եմ միանշանակորեն, որ այս չինովնիկական ոհմակը, որը ցանկանում է ձեռք բերել անխոցելիություն նախագահի հետ փոխհարաբերություններում, անխորտակելի դառնալ նաև նախագահի ազդեցության, պահանջների կամ ցուցումների նկատմամբ, ձեռք բերել իմունիտետ... այսինքն՝ Բեգլարյան Գագոն որոշել է, որ ինքը Երևան քաղաքի տերն  ու տիրականն է, և ի՛նքը պետք է նշանակի պատգամավորներ։ 9-ում նշանակել է իր ընկերոջը, 10-ում էլ պետք է նշանակի իր բարեկամին։

-Կարծում եք, որ նախագահն այնքան թույլ է, որ չի՞ կարողանում սաստել Գագիկ Բեգլարյանին և ասել, որ խախտումներ չանի, ու արդար ընտրություններ անցկացվեն։

-Համենայնդեպս, Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Երվանդ Զախարյանը նման բաներ իրեն թույլ տար և չպատժվեր ամենախիստ ձևով, եթե դա թույլ տար։ Առաջինը՝ Ե. Զաքարյանը երբեք նման բան իրեն թույլ չէր տա, և երկրորդ՝ եթե հանկարծ տեսականորեն ենթադրենք, որ նման բան իրեն թույլ տար, անպայման կպատժվեր Ռոբերտ Քոչարյանի կողմից ամենախիստ ձևով։ Այ սա՛ է իրավիճակի տարբերությունը։

-Այսինքն, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից թո՞ւյլ է։

-Այո՛, թույլ է անշուշտ։ Այո՛, թույլ է, ցավոք սրտի, թույլ է, այո՛։ Եթե ուժեղ լիներ կամ եթե գոնե իր սեփական շրջապատի վրա ներազդեցության նույն ներուժն ունենար, ապա նման անհեթեթություն թույլ չէր տա։ Իսկապես անհեթեթություն է սկզբից սանձազերծել այս իրավիճակը՝ առաջադրելով 100%-ով քաղաքական մեթոդներով անանցողիկ մեկին, երկրորդ՝ քարոզարշավի ընթացքում այդ մարդը մեկ անգամ է ելույթ ունեցել հեռուստատեսությամբ, այն էլ խայտառակվել է, և բոլորը, այդ թվում նաև հանրապետականները, ասում էին՝ ո՞վ է այս խուժանը, ոչնչությունը։ Այդ հեռուստահաղորդումից հետո հանրապետականները նրան մականուն էին տվել՝ ինֆուզորիա... եթե այս ամենը նայում ես, տեսնում ես, որ սա կարծես հատուկ մտածված է եղել, որպեսզի ցույց տան, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո և դրան հետևած ողբերգությունից՝ մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո այս երկու տարիների ընթացքում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված 4 բանաձևերը որևէ ազդեցություն իրավիճակի բարելավման վրա չեն ունեցել։ Կարծես այս ընտրությունները հատուկ մտածված էին դրա համար, և այս մեթոդները, որ ձեռնարկվեցին, իսկապես հատուկ հենց դրան էին նպատակամղված, որպեսզի ապացուցեն, որ այս 4 բանաձևերը և ոչ մի ազդեցություն, բարելավում, փոփոխություններ իշխանությունների վարքագծի մեջ չեն մտցրել։ Բացի դրանից, եթե նախագահական ընտրությունների որակի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև գործող նախագահն այն ժամանակ նա էր, ապա այս ընտրությունների որակի համար  պատասխանատու էր հենց Սերժ Սարգսյանը, և նա գործնականում պետք է ցույց տար, որ եթե 2008-ին ինքը լիներ իրավիճակի տերը, ապա մարտի 1 չէր լինի, հետընտրական գործընթացներն այդքան բուռն չէին լինի, ընտրություններն ավելի որակով կանցկացվեին։ Նա խնդիր ուներ լուծելու, և այդ հարցում իրեն խանգարեցին իր շրջապատի հանգուցային դեմքերը, օրինակ՝ տվյալ պարագայում հենց Գագիկ Բեգլարյանը։ Ոչ միայն խանգարեցին այդ խնդիրը լուծել, այլև հակառակը՝ կարծես երկրի դեմ հատուկ նախապատրաստեցին, թխեցին մի ահավոր կոմպրոմատ և այն հանձնեցին ոչ միայն ընդդիմության, այլ նաև միջազգային կառույցների ձեռքը։ Այս ընտրությունը, որն անցկացվում էր Երևանի կենտրոնում մարտի 1-ի դեպքերից երկու տարի անց, և որին մասնակցում էր ընդդիմադիր ամենամեծ ժողովրդականություն վայելող թերթի խմբագիրը, ով նաև քաղբանտարկյալ է, ահա այս ընտրությունները պետք է ցույց տային՝ արդյոք Հայաստանն այս երկու տարիների ընթացքում կարողացե՞լ է փոխել ընտրությունների անցկացման հարցում սեփական մոտեցումները, արդյոք իշխանությունները կարողացե՞լ են դասեր քաղել այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո և արդյունքում։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը