Լրահոս

12.11.2010 13:49


Նախագահի աշխատակազմի ղեկավար. «Պետությունն այս պահին մտահոգված է «Նաիրիտի» ճակատագրով»

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է §Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: «Նաիրիտ»-ի աշխատակիցները  նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը' պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ: «Նաիրիտ գործարան»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը' առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար:

«Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին Հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:

Ընդգծելով, որ «Նաիրիտ»-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է  գործադիր իշխանության պատասխանատուներին' ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում' առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ' մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:   

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, Երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է' պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը