Քաղաքական

12.01.2010 12:55


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«2008 թվականի Մարտի 1-ի հետևանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողականության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, և այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի և կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:

Հունվարի 10-ի քվեարկությունը ցույց տվեց, որ ինչպես 2008 թվականի Մարտի 1-ին, այնպես էլ հիմա, իշխանությունը պատրաստ է դիմել ցանկացած բռնության՝ ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը թույլ չտալու, քաղաքական պրոցեսների լեգիտիմությունը բացառելու, իշխանությունը քրեածին խմբավորումների ձեռքում պահելու համար: Ըստ այդմ, մարտիմեկյան տրամաբանությունը շարունակում է դրված լինել իշխանության և ժողովրդի հարաբերությունների հիմքում, և գործող իշխանության հենարանը բռնությունն է, քրեական ամենաթողությունը, ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունն ու հուսահատությունը: Այս ամենը ապացույցն է այն բանի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր ներքաղաքական կյանքի օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել, եւ դեռ այն ժամանակ ի հայտ եկած քաղաքական հարցերի լուծումը շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստանի համար:

Որպես հունվարի 10-ի ընտրություններին մասնակցած ԱԺ պատգամավորի թեկնածու, ցավում եմ, որ չեմ կարող շնորհավորել նախնական արդյունքներով հաղթող ճանաչված անձին, նաև այն պատճառով, որ նույնիսկ ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չեն ճանաչում նրան:

Պատկերացնում եմ, թե հունվարի 10-ին ինչպիսի ծանր օր են անցկացրել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ակտիվիստները, իմ նախընտրական շտաբի անդամները և ինչպիսի հիասթափություն են ապրել ընտրությունների ընթացքին և նախնական արդյունքներին ծանոթանալով: Հատկապես այս ֆոնին ուզում եմ ընդգծել, որ մեր պայքարի արդյունավետության գրավականը շարունակականության մեջ է, շարունակականություն, որտեղ հուսահատությունն ու ոգևորությունը տեղ չունեն: Երկար տարիներ շարունակվող պայքարում մենք մեր պարտքն ենք կատարում Ապագայի, Ազատ և Երջանիկ Հայաստանի առաջ, և այս պայքարում որևէ ընկրկում հավասարազոր կլինի դավաճանության: Մենք պարտավոր ենք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած սկզբունքային պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու կամք և հետևողականություն դրսևորել:

Սույն հայտարարությամբ նաև շնորհակալություն եմ հայտնում.

- բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազատորեն իրենց կամքը արտահայտելու համար հունվարի 10-ին այցելել են ընտրական տեղամաս:

- իմ նախընտրական շտաբի և ենթաշտաբների անդամներին, ովքեր արտակարգ պայմաններում առավելագույն ջանքեր ներդրեցին ընտրությունների օրինական ընթացք ապահովելու համար:

Սրտագին ուղերձ եմ հղում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին, ակտիվիստներին, ովքեր իրենց ուսերին են կրել իմ նախընտրական քարոզչության ողջ բեռը. «Գլուխներդ բարձր, «դուխներդ» տեղը: Դուք այն Վեմն եք, որի վրա կառուցվելու է Ազատ և Երջանիկ Հայաստանը: Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչև վերջ»:

Նիկոլ Փաշինյան

Քաղբանտարկյալ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

11.01.2010

Այս խորագրի վերջին նյութերը