Քաղաքական

12.03.2017 18:00


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդիպումը Եղվարդ քաղաքում (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդիպումը Եղվարդ քաղաքում (տեսանյութ)

Արմավիրի մարզից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք։

Եղվարդցիների առաջ ելույթներով են հանդես եկել Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը։

Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ բանակը Հայաստանի ամենակայացած օղակն է, ողնաշարը, սակայն միայն զինվորի հերոսության վրա չպետք է թողնել պաշտպանության գործը. դրա համար պիտի ամուր տնտեսություն, ամուր դիվանագիտություն ունենանք, բարելավենք ժողովրդագրական վիճակը, հարկավոր է ժամանակակից տեխնիկայով սպառազինել զինվորին, համապատասխան թվաքանակով համալրել, միջազգային երաշխիքներ տալ, որ կարողանա մեր երկրի անվտանգությունն ապահովել։

-Մեր երկրում քաղաքական իշխանությունը միաբևեռ է, դրա համար էլ մոլեգնում է բռնակալությունը, և վխտում է թշվառությունը: Ընտրակաշառքի և ընտրակեղծիքների միջոցով զավթել են ժողովրդի իշխանությունը: Նրանք միշտ էլ ոտնահարել են մեր ընտրելու իրավունքները և ոտնակոխ արել ժողովրդի հավաքական կամքը: Մեր դաշինքը պայքարում է, որպեսզի մեր հայրենիքում կասեցվի «սպիտակ եղեռնը»՝ արտագաղթը, որպեսզի մեր հայրենիքը ծաղկի, և ՀՀ քաղաքացին ապրի ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ: Մեր գործն արդար է, ժողովուրդը կհաղթի, իշխանավորները՝ կպարտվեն, վերևում՝ Աստված, ներքևում՝ ժողովուրդը, և Աստված մեզ օգնական,–ասել է Գագիկ Հովհաննիսյանը։

Սեյրան Օհանյանը եղվարդցիներին ուղղված իր խոսքում նշել է.

–Ես առանձնակի հպարտությամբ եմ այսօր մասնակցում այս հանրահավաքին, որովհետև գիտեք՝ տարիներ ի վեր ապրել, և այսօր էլ իմ ծնողներն ապրում են այս շրջանում: Մենք այսօր չափազանց կարևոր և պատասխանատու պահ ենք ապրում, ինչը պետք է օգտագործենք ճիշտ, քանի որ ապրիլի 2-ին մենք ընտրելու ենք ՀՀ ղեկավարությունն ամբողջությամբ՝ Ազգային ժողով, նախագահ, Կառավարություն: Մենք պետք է ընտրենք իշխանություն, որն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության զարգացումը: Այդ ընտրությունը կատարելու համար առնվազն 3 հանգամանք է պետք՝ առաջինը՝ խելացի անձնավորություն, ով ունի բանականության համապատասխան աստիճան, աշխարհայացք, պետք է գնահատի այն իրադրությունը, որը ստեծվել է մեր երկրում: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի մեր երկրում գոյություն ունեցող օլիգարխները վերածվեն քաղաքակիրթ գործարարների, քանի որ մեծահարուստներ մեզ պետք են, գործարարներ մեզ պետք են, ովքեր պետք է պարտաճանաչ հարկեր մուծեն, և այդ հարկերի շնորհիվ մենք կարողանանք համապատախան միջոցներ տրամադրել մեր տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար: Դրա համար արդարություն է պետք, որին կարոտ է մեզանից յուրաքանչյուրը: Դրա համար մեր դաշինքը՝ համալրված համապատասխան գիտելիքներ, հմտություններ և փորձառություն ունեցող անձնավորություններով, եկել է ժողովրդի կողքին կանգնելու, ավելին՝ ժողովրդին մեջք լինելու համար: Ժողովրդի դառնության բաժակից մի կում էլ մենք խմենք, որպեսզի զգանք, թե ինչ կյանքով է ապրում նա։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ դաշինքի անդամները հանդիպումներ ունեցան Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ջրառատ գյուղերի, Արմավիր և Էջմիածին քաղաքների բնակիչների հետ, որոնց ներկայացրեցին դաշինքի ծրագրային որոշ դրույթներ։

7or.am

Տեսանյութը՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը