Քաղաքական

21.03.2017 17:50


«Գյումրին՝ որպես թասիբի քաղաք, թույլ չի տալու, որ որևէ կեղծարար իր փոխարեն ինչ–որ համար խփի»

«Գյումրին՝ որպես թասիբի քաղաք, թույլ չի տալու, որ որևէ կեղծարար իր փոխարեն ինչ–որ համար խփի»

–Ես Հայաստան վերադարձա Արցախյան շարժման ազատամարտին զուգահեռ մեծ աղետի՝ երկրաշարժի օրերին։ Փաստորեն, դուք հրավիրեցիք իմ վերադարձը հայրենի երկիր և երկրաշարժից մի քանի օր անց մորս՝ Վարդիթերի հետ, Գյումրիում էի, փլատակների մոտ՝ խարույկների գիշերային սգով կիսելով ձեր ցավը, որ դուք տարաք և տանում եք թասիբով,– գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։

–Գյումրին, Շիրակը, ողջ Հայաստանն իր ցավը, իր պայքարը, իր վերքը և իր սխրանքը տանում է թասիբով։ Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք ընտանիքի անդամ, իրար հարազատ, կիսել ենք հաց և հույս, ուրախություն, հուսախաբություն և նորից պայքարի ոգի։ Գյումրին՝ որպես հայրաքաղաք, թասիբի քաղաք, թույլ չի տվել և թույլ չի տալու, որ որևէ մեկը, կեղծարար մեքենայի շեֆ՝ կուսակցապետից սկսած՝ մինչև ամենավերջին չինովնիկը, իր փոխարեն ինչ–որ համար խփի։ Դուք որոշեցիք խփել ձեր խղճի համարը մի քանի տարի առաջ և այս տարի ձեր խղճի, մեր պայքարի, մեր հաղթանակի համարը ութն է՝ հավերժության ութը, ժառանգության ութը, համախմբման ութը, մեր երկրի միասնության ութը։

Հենց Գյումրու օրինակով մենք պետք է դուրս գանք մեր սեփական վախից, ստրկամտությունից և խփել այն հավերժության, խղճի համարը, որը բերելու է իրական փոփոխության՝ աշխատատեղեր, արժանապատվություն, աշխատավարձեր, և այլևս ոչ մի հայ ընտանիք դոմիկի տանիքի տակ, հայրենիքը դարձնել վերադարձի, ներգաղթի երկիր, այլ ոչ թե փախուստի։ Սա՛ է մեր հավատո հանգանակը, և դրա համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության, շարքային քաղաքացիների հետ՝ բերելու համար այդ նոր Հայաստանը,–հավելել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը