Լրահոս

13.01.2010 16:58


Արմեն Ռուստամյան. «Չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց»

Արմեն Ռուստամյան. «Չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց»

«Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ պահանջն այն էր, որ ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան ճանաչեր արձանագրությունները, քանի որ դա անխուսափելի կդարձներ վերապահումներ իրականացնելը.

-ՍԴ-ն այս իմաստով գնաց մի քիչ անհասկանալի և տարօրինակ ճանապարհով՝ ճանաչեց համապատասխան, սակայն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ կողմից ձեռնարկվեն քայլեր, որոնք ներդաշնակ կլինեն ՍԴ-ի իրավական դիրքորոշումներին և համապատասխան կլինեն սահմանադրական կարգին։

Վերոնշյալը, նրա կարծիքով, վերապահումների անհրաժեշտության մասին է խոսում, քանի որ իրավական որոշումը քայլերին ներդաշնակ դարձնելը դա է նշանակում։ Այս առումով նա նշել է, որ ՍԴ-ի որոշումն ինքնաբերաբար չի կարող դառնալ այն գործիքը, որով հնարավոր է չեզոքացնել վտանգները։ Դա իրականացնելու միակ ձևը վերապահումներն են։ Նրա խոսքերով՝ այլ տեսակետ է քննարկվում, թե կարելի է հղում կատարելով ՍԴ որոշմանը՝ հարցը լուծված համարել, և եթե ԱԺ-ն արձանագրությունները վավերացնի, հղում կատարելով ՍԴ որոշմանը, ապա հարցը փակված է, սակայն դա այդպես չէ, քանի որ եթե իրավական որոշումը չունի միջազգային օրենքներով նախատեսված վերապահումների նշանակություն, ապա այն որևէ ուժ չունի։

Իշխանություններն, ըստ Արմեն Ռուստամյանի, երկու տրամաբանական ճանապարհ ունեն՝ 1. նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ ԱԺ-ն ինքը վերապահումներ իրականացնի, ապա ամեն ինչ պետք է արվի ԱԺ-ին այդ իրավունքը վերադարձնելու համար, ինչին ԱԺ նստաշրջանի առաջին իսկ օրվանից հետամուտ է լինելու ՀՅԴ-ն։

2. Նկատի ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը և մասնավորապես ՍԴ 6-րդ հոդվածը (ՀՀ կողմից իրականացվող քայլերը ներդաշնակ դարձնել ՍԴ իրավական դիրքորոշումներին)՝ ՀՀ նախագահն ունի բոլոր հնարավորությունները և լիիրավ իրավունք՝ արձանագրությունները վերապահումներով ուղարկելու Ազգային ժողով։

Արմեն Ռուստամյանը նշել է, որ եթե իշխանությունները չանսան ՀՅԴ պահանջներին և չհասցնեն տրամաբանական ավարտին, հետևաբար մնում է չեղյալ հայտարարել գործընթացը.

-Չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց,- ասել է Արմեն Ռուստամյանը։

«Դաշնակցությունն ի զօրու կլինի՞ ավարտին հասցնել իշխանափոխության գործընթացը» հարցին Ա. Ռուստամյանը պատասխանել է, որ Դաշնակցությունն ի զօրու կլինի, եթե այս տեսակետների հետ կապված ունենա հասարակության համապատասխան աջակցությունը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը