Լրահոս

14.01.2010 17:53


Մոսկվայում հնարավոր է կայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Պատասխանելով  «lragir.am»-ի այն հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը որոշ լրատվամիջոցների տարածած այն  տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացումը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. « Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ և Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական ջանքերով նման ձևաչափով' Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է: Քանի դեռ հակամարտությունն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են են տեղի ունենալ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպես էլ այլ ձևաչափով նոր հանդիպումներ: Սրանում արտասովոր ոչինչ չկա, արտասովոր կլիներ հակառակը, եթե նոր հանդիպումենր չլինեին:

Իսկ մինչ այդ, Նախագահ Սարգսյանը տիկնոջ' Ռիտա Սարգսյանի հետ երկուշաբթի, հունվարի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ երկու պետությունների ղեկավարները կշարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կքննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջև փոխործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Մոսկովյան այցի ընթացքում հնարավոր է, որ քննարկվի նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը»:    

Այս խորագրի վերջին նյութերը