Լրահոս

14.03.2009 11:23


Ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Փետրվարի 13-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում  ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, լրագրողի հետ պատահած դեպքը կապված է «Միասին» երիտասարդական շարժման կողմից իրականացված ակցիայի հետ, ինչի շրջանակներում շարժման անդամները մի շարք դասախոսների՝ որպես կաշառակերների, լուսանկարներ էին փակցրել քաղաքի տարբեր հատվածներում։ ԵՊՀ-ի մի շարք ուսանողներ այդ կապակցությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել «Միասին»-ի գրասենյակի մոտ, որից հետո շարժվել են դեպի Վ.Բրյուսովի անվան Համալսարան։ Ուսանողներին լուսանկարելու նպատակով Գ.Շամշյանը մտել է համալսարանի շենք, որտեղ համալսարանի անվտանգության բաժնի աշխատակիցների և նրա միջև վիճաբանություն է ծագել։ Վիճաբանության արդյունքում ֆոտոլրագրողին ծեծի են ենթարկել։

Սեռական օրգանների վնասվածքով և ներքին արյունահոսությամբ Գ. Շամշյանը տեղափոխվել է «Նաիրի»  բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունք։ Հայտնի է նաև, որ ֆոտոլրագրողին ծեծի է ենթարկել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ աշխատակից Կարեն Միրիջանյանը։ Միրիջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ գործի առնչությամբ կատարվում է հետաքննություն։

Կատարվածի վերաբերյալ հայտարարություն են տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեանի մամուլի ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և «Հայաստանի հելսինկյան կոմիտեն», որտեղ դատապարտելով այդ բռնարարքը, պահանջում են պատժել այն իրականացրած անձանց։

«Սա լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման հերթական դեպքն է, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նախորդ տարիներին տեղի ունեցած ու չբացահայտված բիրտ և  ցինիկ հանցագործությունների շղթայի մի օղակը»,- ասվում է հաղորդագրությունում։  

Գագիկ Շամշյանի նկատմամաբ կատարված բռնությունը դատապարտել են նաև Հայ ազգային կոնգրեսը և Մարդու իրավունքների պաշտպանը։

Ներկայումս լրագրողի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։

Լուսանկարը՝ http://a1plus.wordpress.com/2009/03/13/shamshyan/

Այս խորագրի վերջին նյութերը