Լրահոս

14.12.2010 12:59


«Իրավունքի և ազատության կենտրոնը» պահանջում է

Ի հեճուկս հայաստանյան հասարակության եւ միջազգային հանրության պահանջների ՀՀ իշխանությունները շարունակում են քաղբանտարկյալներին պահել բանտերում: Չբավարարվելով իրենց քաղաքական հակառակորներին առաջադրված մտացածին ու շինծու մեղադրանքներով երկար տարիների ազատազրկման դատապարտելով, իշխանությունները շարունակում են նաեւ ազատազրկման վայրերում նրանց նկատմամբ կիրառել տարաբնույթ ճնշումներ ու բռնություններ:

Կալանավայրերի ղեկավարությունն իր ունեցած լծակներն օգտագործելով  փորձում է ազատազրկման վայրերում քաղբանտարկյալների համար ստեղծել թշնամական միջավայր եւ այնպիսի անտանելի պայմաններ, որ նրանք ստիպված լինեն հրաժարվել իրենց պայքարից ու գաղափարներից: Անցած երկու եւ ավելի տարիների ընթացքում իշխանություններին դա չի հաջողվել, չի հաջողվելու նաեւ առաջիկայում: Բայց նրանք շարունակում են չհրաժարվել անընդհատ ձախողվող իրենց այդ փորձերից:

Մամուլում շարունակվում են հրապարակումները քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից կիրառվող անօրինականությունների, ոտնձգությունների եւ բռնությունների վերաբերյալ: Երեկ էլ «Արթիկ» ՔԿՀ ներկայցուցիչի ներկայությամբ կազմված արձանագրություն էր տարածել Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը, ինչից պարզորոշ երեւում է, որ իշխանությունները շարունակում են դիմել ցանկացած անօրինական քայլի, որպեսզի նա զրկված լինի արտաքին աշխարհի հետ կապից, անձնական նամակագրություն ունենալու իրավունքից, փաստաբանի ծառայություննրից օգտվելու եւ հրապարակախոսական գործունեություն ծավալելու հնարավորություններից: Ակնհայտ է, որ իշխանությունների գերխնդիրը Փաշինյանի հրապարակախոսական գործունեությունը կասեցնելը եւ որքան հնարավոր է երկար նրան ազատզրկման վայրում պահելն է:

«Իրավունքի և ազատության կենտրոնը»  պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Կրկին անգամ դատապարտելով քաղբանտարկյալների, մասնավորապես' Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտմանն ու անվտանգությանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած ցանկացած քայլ, դիմում է հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան եւ այլ հասարակական ու լրագրողական կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններին առաջարկելով' միանալ Փաշինյանի պաշտպանության գործին եւ իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն լրագրողի, ով վտանգված է եւ ում դեմ այսօր աշխատում է իշխանական մեքենան իր ողջ հզորությամբ:

Իրավունքի եւ ազատության կենտրոն  հ/կ

Նախագահ' իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը