Լրահոս

18.01.2010 19:02


«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 1990թ. Բաքվի ջարդերի կապակցությամբ

Հունվարյան երկրորդ տասնօրյակը մղձավանջային հիշողությունների ժամանակաշրջան է համայն եւ հատկապես' Բաքվի հայության համար. այս օրերին լրանում է 20 տարին այն ողբերգական դեպքերի, երբ 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում առանձնակի դաժանությամբ սպանվեցին հարյուրավոր, իսկ  փողոցներում, հասարակական տրանսպորտում, աշխատատեղերում ու տներում դաժանաբար ծեծի ենթարկվեցին եւ խոշտանգվեցին հազարավոր հայեր: Նրանցից շատերը հետագայում իրենց մահկանացուն կնքեցին հիվանդանոցներում: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայության նկատմամբ կիրառված հոգեբանա-ահաբեկչական գործողությունները կատարյալ դժոխքի վերածեցին հայաբնակ այդ քաղաքը, որտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու աշխատել էին թե իրենք, թե իրենց նախնիները: Անպատիժ մնացած եւ մինչ այսօր համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականի չարժանացած  եւ ադրբեջանցիների կողմից իրականացված հայազտման մեկշաբաթյա ոճիրը հանգեցրեց Բաքվի հայության փախուստին' Կասպից ծովով դեպի Թուրքմենստան, որտեղից էլ' Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ ու Եվրոպա: Մազապուրծ եղած հայ փախստականները կորցրեցին իրենց ամբողջ ունեցվածքը' գույքը, սեփականությունը: Փաստացի՝ հայության եւս մեկ հատված զրկվեց իր համար երկրորդ հայրենիք դարձած քաղաքից, որի կառուցման ու բարգավաճման գործում անուրանալի վաստակն ուներ:

Բաքվի հայատյաց քաղաքականությունը 1988թ. փետրվարին Սումգայիթյան գազանային ոճրագործությամբ, ապաեւ' 1990թ. Բաքվի ջարդերով ու հետագայում Գանձակում, ԼՂՀ եւ Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում բնաջնջման ու կոտորածի ակտերով, ԼՂՀ-ի օղակմամբ ու նախահարձակ ագրեսիայով վկայելու եկան, որ դրանք ինքնաբուխ, պատահական դրսեւորումներ չէին, այլ' մասշտաբային, պետականորեն մշակված ու կազմակերպված, իշխանությունների կողմից խրախուսվող ծրագիր, որի  նպատակն արհեստածին ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքից ողջ հայության ոչնչացումը կամ արտաքսումն էր' ադրբեջանահայության էթնիկ զտումը Ցեղասպանությանը բնորոշ գործողություններով:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է մինչ օրս էլ եղեռնածին պետություն հանդիսացող Ադրբեջանի կազմակերպած ու տակավին անպատիժ այդ արարքը' որպես համայն մարդկության ու հայության դեմ իրագործված հանցագործություն, որպես 20-րդ դարասկզբին իրականացրած Ցեղասպանության շարունակություն: Մենք ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, զորակցում այդ ապրումներն այսօր էլ իրենց հիշողության մեջ պահող Բաքվի հայ փախստականներին եւ երախտագիտություն հայտնում այն պետություններին, որոնք ապաստան տվեցին Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայությանը. խորին շնորհակալություն Թուրքմենստանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու եվրոպական պետություններին:

«Ժառանգությունը» համոզված է, որ հարյուր հազարավոր հայերին տառապանքների, Ցեղասպանության, ունեզրկման ու Հայրենազրկման ենթարկած Ադրբեջանը մի օր պետք է կանգնի միջազգային դատարանի առջեւ եւ պատասխան տա կատարածի համար. դա հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ հաշտության ու վստահության վերականգնման, համագոյակցության ու բարիդրացիության առանցքային պայմաններից մեկն է:

Այս խորագրի վերջին նյութերը