Քաղաքական

20.01.2010 16:15


Գալուստ Սահակյանի երկակի ստանդարտները

Գալուստ Սահակյանի երկակի ստանդարտները

2009թ. նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց, որ սխալվելիս պետք է ժամանակին հասկանալ, ընդունել և փորձել ուղղել այդ սխալը, որովհետև սխալներն անխուսափելի են:

«Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից:

Հանրապետական կուսակցության անդամները, սակայն, կարծես թե չեն հետևում իրենց առաջնորդի խոսքերին և չընդունելով, որ սխալվել են, անգամ այսօր էլ պնդում են, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ղարաբաղյան հարցում առաջխաղացումը որպես նախապայման առաջ քաշող Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունները ներքին սպառման համար են։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում, հույս էր հայտնել, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը։

Հաշվի առնելով Է. Նալբանդյանի այս խոսքերը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե այսօր նո՞ւյնպես պատրաստ է ստորագրել նախկինում հնչեցրած իր այն խոսքերի տակ, որ թուրքական կողմի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են։

-Ոչ թե իմ խոսքերը կկրկնեմ, այլ կհաստատեմ, որ դա այդպես է,- պնդեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Այս պատասխանը լրագրողների մոտ տրամաբանական հարց առաջացրեց՝ եթե Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ներքին սպառման համար էր, այդ դեպքում ինչո՞ւ է Է. Նալբանդյանը հարկ համարել արձագանքել դրան։

-Մենք  նաև մեր հանրությունն ունենք, և հանրությանը պետք է կարողանա իշխանությունը խոսք ասել ցանկացած տիպի հայտարարությունների դեպքում։ Եթե Ադրբեջանն ասում է՝ վաղը չէ մյուս օրը պատերազմ է սկսվելու, մենք մեր հակառակ կարծիքը չասե՞նք, որ չի սկսվելու,- պատճառաբանեց Գ. Սահակյանը՝ միաժամանակ բացառելով, որ Է. Նալբանդյանի արձագանքն էլ իր հերթին հայաստանյան հանրության ներքին սպառման համար է արվել.

-Մեր ներքին սպառման համար կլիներ, եթե մեր քաղաքականությունը բաց չլիներ և ինտրիգային լիներ։

Ի դեպ, հանրապետական պատգամավորը շարունակում է հավատացած մնալ, որ Թուրքիան վավերացնելու է հայ-թուրքական արձանագրությունները՝ համոզված լինելով, որ չվավերացնելը թուրքական կողմի պարտությունը կլինի, որովհետև աշխարհի մոդելներից դուրս գտնվողը պատժվում է։

-Այսօր քաղաքակիրթ աշխարհում վարկաբեկումն արդեն պատիժ է, իսկ միջազգային կառույցներն են Եվրախորհուրդը, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, ամերիկյան կառույցները, գերտերությունները,- միջազգային հանրության կողմից Թուրքիային պատժելու միջոցն այսպես է տեսնում Գ. Սահակյանը,- պատիժ չի նշանակում, որ մենք այդքան հզոր ենք, որ վաղը գրադները դնելու ենք և Թուրքիան գրավենք։ Թուրքիան, փաստորեն, անվստահելի գործընկերոջ կարգավիճակ է ստանալու։

Հատկանշական է, սակայն, որ եթե այս դեպքում միջազգային հանրության մոտ անվստահելի գործընկերոջ կարգավիճակ ստանալը և վարկաբեկվելը Գ. Սահակյանը պատժվել է համարում, ապա մեկ այլ պարագայում Հայաստանի վերաբերյալ նույն միջազգային կառույցների կարծիքի կարևորության մասին խոսելիս բոլորովին այլ դիրքորոշում արտահայտեց.

-Մտածել, որ եվրախորհուրդները, եվրամիությունները կամ գերհզոր տերությունները մեր նկատմամբ բանաձևեր պետք է իրականացնեն ժողովրդավարական գործընթացներում... ժողովրդավարական գործընթաց ասածը ո՞րն է, եթե այդ ժողովրդավարական գործընթացները չգնահատեցին Հրանտ Դինքի սպանությունը, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, առավել ևս՝ այսօր դեռևս մտմտում է Ցեղասպանության ամբողջ գործոնը վերհանել։ Այդ ժողովրդավարության հանգույցը որտե՞ղ է մշակվում, որ ես էլ հավատամ, որ Եվրախորհուրդը ճիշտ որոշումներ պետք է կայացնի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը