Լրահոս

20.12.2010 14:09


Orange-ը և Շեն-ը շարունակում են համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը Տավուշի մարզում

Orange-ը և Շեն-ը շարունակում են համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը Տավուշի մարզում

Orange-ի կողմից ամբողջությամբ կահավորվել են Ջուջևանի և Նոյեմբերյանի դպրոցական երկու մարզասրահներ, բարեկարգվել են դպրոցամերձ մարզահրապարակները, ինչպես նաև կահավորվել է Սևքար գյուղի վերակառուցված մանկապարտեզը։

 Orange-ը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները' կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Բարեգործական ծրագրերի շրջանակներում վերաբացվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի և Ջուջևան գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճները: Ջուջևան գյուղի մարզադահլիճը վերանորոգվել է USAID-ի միջոցներով, CHF և Շեն կազմակերպությունների համատեղ ջանքերով, իսկ Նոյեմբերյանի մարզասրահի վերանորոգումն իրականացվել է համայնքի ջանքերով: Մարզադահլիճները վերազինվել են մարզական գույքով Orange-ի միջոցներով' ընկերության ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ռազմավարական գործընկերության շրջանակներում:

Երկու դպրոցների մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած' մարզական գույքի առկայությունը թույլ կտա ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը, այլ նաև ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:

«Որպես երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր ունեցող ընկերություն' մենք ցանկանում ենք նաև մեր ներդրումն ունենալ այլ' «ոչ հաղորդակցային» ոլորտներում, և որպես մեր բարեգործական ծրագրերի առանցք սահմանել ենք այն ամենը, ինչ վերաբերում է երեխաներին, ինչպես նաև խոցելի գյուղական համայնքներին: Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն են ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ համայնքները: Համայնքների ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 5,607,000 դրամ:

Տավուշի մարզի մեկ այլ գյուղում' Սևքարում, մոտ մեկ ամիս առաջ բացվել է գյուղի մանկապարտեզը' առաջին իսկ օրվանից դիմավորելով 62 սաների: Մանկապարտեզի վերականգնման և կահավորման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID, CHF, World Vision, UNDP, Orange և «Շեն» կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր բարերարներ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև համայնքը: Orange-ն իր ներդրումն է ունեցել հատկապես մանկապարտեզի կահավորման գործում, որի համար տրամադրել է 4,660,000 դրամ:

«Մեր համագործակցությունն Orange-ի հետ սկսվեց մեկ տարի առաջ, և այս ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք տասից ավելի նախագծեր: Մեր մոտեցումները համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ նաև իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և երկարաժամկետ իրագործումների է ուղղված»,- ասաց «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը