Մեկնաբանություն

21.12.2010 13:40


«Բժշկի մեղավորության աստիճանը պետք է որոշի միայն փորձագիտական հանձնաժողովը»

«Բժշկի մեղավորության աստիճանը պետք է որոշի միայն փորձագիտական հանձնաժողովը»

Նոյեմբերի 26-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոց) երեխան լույս աշխարհ էր եկել ծանր վիճակում։ «7օր»-ին նորածնի ծնողներն ասել էին, որ բժիշկներն անտեսել են կեսարյան հատում անելու իրենց թախանձանքները։ Նոյեմբերի 27-ի առավոտյան երեխան մահացել է։

Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, «Բիոէթիկայի հանձնաժողով» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մարտիրոսյանը «7օր»-ին ասել է, որ նախ ցանկանում է իր ցավակցությունը հայտնել մահացած նորածնի ծնողներին.

-Իսկապես, շատ եմ ցավում, որովհետև երեխա կորցնելը շատ ծանր բան է։ Այդ կորուստը ոչ մի խոսքով չես վերադարձնի, սակայն բժշկի ճիշտ կամ սխալ լինելը պետք է պարզի առաջին հերթին մասնագետների խումբը, այնուհետև, եթե գործը հասնի դատարան, դատաքննչական փորձագիտական հանձնաժողովը,-ասել է նա՝ հավելելով, որ ամենևին չի քննարկում՝ պե՞տք էր կեսարյան հատում անել, թե՞ ոչ, քանի որ կան դեպքեր, երբ կեսարյան հատումը միանշանակ անհրաժեշտ է, և կան դեպքեր, երբ որոշումը, թե ի՞նչ պետք է արվի, գալիս է բժշկի կամ բուժանձնակազմի կողմից։

Սակայն, ըստ վիրաբույժի, այստեղ կա ցավալի մեկ այլ իրողություն, այն է՝ բժիշկները «մեկ թիմի» գաղափարով աշխատելու փոխարեն գործում են լրիվ հակառակ տրամաբանությամբ՝ քավության նոխազներ փնտրելով գործընկերների մեջ, ինչից էլ տուժում են բոլորը։ Կարեն Մարտիրոսյանն ընդգծել է՝ իրեն այս թեմայով խոսել դրդել է այն հանգամանքը, որ նկատել է էթիկայի կոպիտ խախտում, որը թույլ է տվել այդ հիվանդանոցի բժշկական անձնակազմը, որտեղ բժիշկներն աշխատում են ոչ թե որպես թիմ, այլ որպես անհատներ, որոնք բավական դաժան մրցակցության պայմաններում են գտնվում։

-Խոսքը նրա մասին չէ, որ ստեղծեն օպտիմալ պայմաններ, որպեսզի հիվանդի, այս պարագայում՝ առողջ հղի կնոջ համար լավ լինի։ Ամեն մեկն աշխատում է իր համար, վերմակը քաշում է իր կողմը։ Այնտեղ խոսակցություն է գնացել, որ բաժանմունքի վարիչը ասել է, որ պետք է վիրահատել, իսկ բժիշկն ասել է՝ պե՛տք  չէ։ Ստացվում է՝ նրանք  մրցակիցներ են։ Դա ներքին ոչ կոլեգիալ պահելաձև է, որը բերել է նրան, որ ինչ-որ մեկին չհիմնավորված դարձրել են թիրախ,-ընդգծել է Կարեն Մարտիրոսյանը։

-Գոյություն ունի «անմեղության կանխավարկած» հասկացությունը, և փորձագիտական հանձնաժողովը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել, և ոչ թե՝ ինչ-որ մեկից քավության նոխազ սարքեն։  Ես չեմ ասում՝ լա՞վ է արել բժիշկը, թե՞ ոչ։ Դա մեր որոշելու բանը չէ։ Բարեկամները փորձում են (մարդու հոգեբանությունն է այդպիսին) գտնել մեղավորին։ Յուրաքանչուրը նման ծանր հոգեբանական իրավիճակում կարող է իր մեկնաբանություններն անել։ Սակայն ինչու՞ հակառակ կողմին չլսեցին։ Ինչո՞ւ թեկուզ լրագրողական հետաքննություն չիրականացվեց։ Եվ ո՞վ է մեղավոր։ Մեկին պետք է դեմ տալ, դեմ են տալիս այդ մասնագետին։ Ուզում եմ շեշտել՝ Հայաստանում նրա նման շատ քիչ մասնագետ կա. նա նախ վերին աստիճանի կրթված մարդ է, երկրորդը՝ ինքն իր մասնագիտության մեջ շատ բարձր որակի մասնագետ է, ինտելիգենտ է, որոնց այսօր Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել, այդ շերտը գրեթե գոյություն չունի։ Հայաստանը կարող է հպարտանալ այդ տեսակի մասնագետներով։ Նա իմ ընկերը չէ, ես ուղղակի տեսնում եմ ոչ կոլեգիալ էթիկայի խախտում բժիշկ-բժիշկ փոխհարաբերություններում, և լինելով «Բիոէթիկայի հանձնաժողով» ՀԿ-ի անդամ՝ ինձ թույլ եմ տալիս ասել, որ բժիշկների մեջ տեղի է ունեցել էթիկայի կոպիտ խախտում,-ասել է Կ. Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է, թե կցանկանար, որ բժիշկն առանց հիմքերի չմեղադրվեր, և եթե նրան պետք է պատժեն, թող պատժեն, եթե մեղավոր է։ Սակայն մեղավոր է, թե ոչ, որոշում է փորձագիտական հանձնաժողովը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը