Քաղաքական

26.01.2010 17:01


Հրայր Կարապետյան. «Եթե չենք ուզում, որ պատերազմ լինի, պետք է պատրաստ լինենք պատերազմի»

Հրայր Կարապետյան. «Եթե չենք ուզում, որ պատերազմ լինի, պետք է պատրաստ լինենք պատերազմի»

Բանակի 18-րդ ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշել է, որ ԱԺ-ում բազմաթիվ օրենսդրական ակտեր են քննվել, որոնք վերաբերում էին հատկապես զորակոչի ընթացքի կազմակերպական գործի բարելավմանը և այլն։ Նա նշել է, որ օրենքներ են ընդունվել, որոնք հստակեցրել են նաև մինչև 27 տարեկան զորակոչիկների հետ հարաբերությունները. օրինակ հիմա, եթե մարդը հիվանդ է և բանակ չգնալու տարկետման իրավունք է ստանում, ամեն տարի հանձնաժողովի ստուգում չի անցնելու, անմիջապես զորացրվելու է, և քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը վերանում են։ Նա նշել է նաև, որ հանձնաժողովը բազմաթիվ նամակ-բողոքներ է ստանում, որոնք հղվում են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին։ Նամակների պատասխաններն օպերատիվ ուղարկվել են թե՛ հանձնաժողովին, թե՛ քաղաքացուն, հարկ եղած ժամանակ էլ հանդիպում է կազմակեպվել քաղաքացու հետ։

-Ես մասնակցում եմ զորակոչի բոլոր հանրապետական հանձնաժողովի նիստերին, տեղում ծանոթացել ենք վիճակին, և պետք է ասեմ, որ գնալով իրավիճակը բարելավվում է։ Բայց չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Դեռևս կան անբարեխիղճ մարդիկ, որոնք արատավորում են այս պահի կոչումը, կան մարդիկ, որոնք զբաղվում են կոռուպցիայով,- ասել է Հ.Կարապետյանը։

Նա նշել է, որ այս տարի զորակոչվում են այն երիտասարդները, որոնք ծնվել են «ցուրտ ու մութ տարիներին», իսկ այդ տարիներին, Հ.Կարապետյանի խոսքերով, «հանցագործ քաղաքականության պատճառով» երկիրը դատարկվեց, և 40 հազ մարդ քիչ է ծնվել Հայաստանում։ Այդուհանդերձ, նա նշել է, որ զորակոչը կատարվել է։ Այդ տարիների բացը լրացվում է նաև պայմանագրային ծառայության միջոցով, որը հաջողությամբ առաջ է ընթանում, և հատկապես սահմանամերձ շրջաններում աննախադեպ ակտիվություն է նկատվում։ Նա նշել է, որ կան սահմանամերձ գյուղեր, որտեղ այդ միջոցով լուծվում է նաև գործազրկության խնդիրը։ Պայմանագրային ծառայության տարիքը դարձել է 45-50-ը։

Հրայր Կարապետյանը տեղեկացրել է, որ չնայած պետական բյուջեի սղությանը՝ բանակի բյուջեն ապահովվել է։

-Իհարկե, մեր հարևան երկիրն այս իմաստով շատ ավելի առաջ է։ Մենք գիտակցում ենք, որ բնակչության թվով չենք կարող չափվել, գումարի առումով նրանք, իհարկե, նավթ ունեն, բայց մենք ունենք կազմակերպվածություն, կամք, գիտակցում , որ մեր հայրենիքն ենք պաշտպանում։ Երբ առաջին անգամ պատերազմը սկսվեց, ադրբեջանցիները շատ ավելի զինված էին, թվով ավելի շատ էին, բայց պարտվեցին։ Այսինքն, պատերազմների մեջ միշտ չէ, որ նշանակություն ունի փողը կամ քանակը,- ընդգծել է Հրայր Կարապետյանը։

Նա նշել է, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, և «եթե չենք ուզում, որ պատերազմ լինի, պետք է պատրաստ լինենք պատերազմի»։

Հրայր Կարապետյանի խոսքերով՝ փետրվարի 1-ից ՀՀ ԱԺ-ն վավերացնելու է նաև ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների միջամտության վերաբերյալ պայմանագիրը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկին վտանգ սպառնալու դեպքում մյուս երկրները պարտավոր են ռազմական միջամտություն ցուցաբերել։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը