Լրահոս

27.01.2010 17:21


Տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումը

Երևանում հունվարի 27-ին տեղի ունեցավ Իրան-Հայաստան  երկաթուղու կառուցման  ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան երկրորդ հանդիպումը:

Հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը,  ռուսականից' ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից Իրանի Իսլամական հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցության փոխնախարար Մաջիդ Ասադին եւ պաշտոնատար այլ անձիք:

Հ.Բեգլարյանը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդեն  տրամադրել  է 1 մլն ԱՄՆ դոլարի  դրամաշնորհ, եւ ապրիլին կհայտարարվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Նշվեց նաեւ, որ ավստիրական ilF ընկերությունն արդեն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը, Հ.Բեգլարյանը  հայտնեց, որ ներկայումս բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ:

Իրանի փոխնախարար Մ.Ասադին տեղեկացրեց, որ իրենք արդեն ավարտել են Իրան-Հայաստան երկաթգծի' Իրանի տարածքում մոտ 60 կմ կառուցվելիք հատվածի տեխնիկատնտեսական հիմանվորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատվածը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Ս.Տուգարինովն անդրադարձավ կառուցվելիք երկաթուղու տեխնիկական  չափորոշիչներին, ինչպես նաեւ տարանցիկության հնարավորություններին, այս ծրագրի ինտեգրացմանը' գործող միջազգային տրանսպորտային միջանցքներին, այդ թվում' «Հյուսիս-հարավ»-ին: Ս.Տուգարինովը նշեց նաեւ, որ ռուսական կողմն իր գնահատականը ծրագրին կարող է տալ միայն  տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո:

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո, Երեւանում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը