Լրահոս

01.02.2010 13:46


«Սիլ Կոնցեռնը» վստահ է

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին իշխանությունների  կողմից Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունեցած «հատուկ» վերաբերմունքի մասին:

Իշխանությունները սնանկության վարույթում գտնվող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը (այսուհետ' Ընկերություն) հասցրեցին իրենց ուզած հանգրվանին:

25.12.2009թ. ընկերությանը պատկանող անշարժ, շարժական գույքը, հանքային իրավունքների և այլ գույքային իրավունքների, որպես մեկ ամբողջություն, վաճառվեց «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը:

Հարկ ենք, համարում նշել, այս դեպքում նույնպես, ինչպես և 2009 թվականի փետրվար ամսին ընկերությանը պատկանող ամբողջ գույքի վաճառքը,  կրկին անգամ, նույն անձին, իրականացվել է օրենսդրական լուրջ խախտումներով, որոնք միանշանակորեն թույլ են տալիս փաստելու, որ կնքված գործարքն անվավեր է:

Իշխանությունների կողմից թույլ են տրվել հետևյալ կոպիտ խախտումները.

1.Ընկերությանը անօրինական և անհիմն կերպով պարտադրեցին վճարել ավելի քան 4 մլրդ. ՀՀ դրամ իբր բնօգտագործման վճարի գծով թույլ տված խախտումների համար' հաշվարկի մեջ մտցնելով գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալը' տույժերով հանդերձ: Այս խախտումը թույլ է տրվել գործադիր մարմնի կողմից:

2.ՀՀ վարչական դատարանը անհիմն և անօրինական կերպով Ընկերության հայցը' վարչական ակտն անվավեր ճանաչելու, վերաբերյալ մերժել է, իսկ ՀՀ ՊԵԿ-ի հակընդդեմ հայցը' գումարը բռնագանձելու վերաբերյալ, բավարարել: Դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել այն փաստարկը, որ Ընկերությունում բնապահպանական և հարկային ստուգումներ են կատարվել նաև 2005-2006 թվականներին և այդ ընթացքում որևէ խախտում բնօգտագործման վճարի մասով չի հայտնաբերվել: Մինչդեռ, Ընկերությանը մեղադրում էին այն խախտման մեջ, որ բնապահպանական տեսուչի կողմից 2005թ. ապրիլին տեղադրված հաշվիչը ճիշտ չէր տեղադրվել: Դատարանը չպետք է անտեսեր այն փաստը, որ 2005թ. դեկտեմբերին հարկային ծառայությունը ստուգում կատարելիս տեսել է նույն 2005թ. ապրիլին տեղադրված հաշվիչը և դա չի համարել խախտում: Այս խախտումը թույլ է տրվել դատական մարմնի կողմից:

3.Ընկերության գույքն օրենքի խախտումներով դրվել է աճուրդի և 2009թ. փետրվարին վաճառվել «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը, իսկ վերինես էլ իբր կանխիկ վճարել է ավելի քան 4 մլրդ. ՀՀ դրամ' խախտելով գործող նորմերի պահանջները այդ գործարքն անկանխիկ կատարելու վերաբերյալ: Աճուրդի ժամանակ վճարված գումարների վճարման փաստը վիճարկող Ընկերության և զանգվածային լրատվամիջոցների ճնշման ներքո, իշխանությունները որոշեցին այլ կերպ հարցը լուծել' ձևականորեն բավարարելով Ընկերության հայցը' աճուրդն անվավեր ճանաչեցին և չսպասելով այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուն ավելի քան 4 մլրդ. ՀՀ դրամը կանխիկ վերադարձրեցին: Այս խախտումը թույլ է տրվել գործադիր մարմնի կողմից:

4.ՀՀ Ոստիկանության և դատախազության մարմինները մեծ անտարբերության են մատնել Ընկերության' կեղծիքներ կատարելու վերաբերյալ հաղորդումները' առանց պատշաճ քննություն իրականացնելու: Այս խախտումը թույլ են տվել գործադիր և դատախազական մարմինները:

5.Չսպասելով վարչական դատարանի' աճուրդն անվավեր ճանաչելու վճռի օրինական ուժի մեջ մտնելուն' հարկադիր կատարողը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան' Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, իսկ դատարանն էլ վճռել է Ընկերությանը սնանկ ճանաչել: Այս խախտումը թույլ են տվել գործադիր և դատական մարմինները:

6.Սնանկության գործընթացում դատարանը չի թույլատրել Ընկերությանը վաճառել գետը հոսող հանքային ջուրը, որի վաճառքի համար արտադրական անհրաժեշտություն չկար: Այս խախտումը թույլ է տվել դատական մարմինը:

7.Սնանկության գործընթացում Ընկերության տնօրենին և բաժնետերերին արհեստականորեն դուրս են մղել Ընկերությունից' նրանց օրինական վերահսկողությունից փաստացի զրկելով: Դա կատարվել է Ընկերության տնօրենին անօրինական կերպով հեռացնելու (այդպիսի իրավունք կառավարիչը չունի) և պարտատեր-Սուքիասյաններին առաջին ժողովին չթույլատրելու միջոցով: Այս խախտումը թույլ է տրվել դատական մարմնի և նրա հսկողության տակ գտնվող կառավարչի կողմից:

8.Սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան' Ընկերության գույքն աճուրդով վաճառելու մասին և այն չի ուղարկել բաժնետեր-պարտատերերին' զրկելով նրանց իրենց մեկնարկային գինը թելադրելու հնարավորությունից: Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել է Ընկերության գույքը աճուրդի միջոցով 5.184.000.000 ՀՀ մեկնարկային գնով վաճառել: Այս խախտումը թույլ է տրվել դատական մարմնի և նրա հսկողության տակ գտնվող կառավարչի կողմից:

9.Կառավարիչն առաջին աճուրդն անցկացնելուց հետո' առանց աճուրդով գույքը վաճառելու գործընթացի ընդհատման մասին դատարանի որոշման' միջնորդություն է ներկայացրել դատարան' 4.300.000.000 ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) գույքը մինչև 2014թ. փետրվարի 2-ը տարաժամկետ վճարելու պայմանով ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ: Ընդ որում պետք է Ընկերության գույքը վաճառվեր նույն □Արմենիան Ռոյալ Սիգարետ□ ՓԲ ընկերությանը: Մինչ այդ 24.12.2009թ. կառավարիչը պարտատերերի ժողով է անցկացրել' ՀՀ ՊԵԿ-ի և մեկ այլ պարտատիրոջ մասնակցությամբ, որոնք որոշել են թույլատրել այդ գործարքը: Դատարանն անօրինական և անհիմն որոշմամբ թույլատրել է նշված գործարքը: Այս խախտումը թույլ է տրվել գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև դատական մարմնի հսկողության տակ գտնվող կառավարչի կողմից:

«Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ի հետ տարաժամկետ վճարման պայմանով պայմանագիր կնքելն ուղղակիորեն գալիս է վկայելու այն փաստը, որ վերջինս այն ժամանակ իրականում չի ունեցել համապատասխան դրամական միջոցներ, իսկ իշխանություններն էլ որոշել են նվիրել ընկերությանը պատկանող գույքը գնորդին:

 Բոլոր դեպքերում, թե իրավաբանորեն և թե մարդկայնորեն «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն բարեխիղճ ձեռքբերող չէ:

«Սիլ Կոնցեռնը» առավել քան վստահ է, որ կգա ժամանակը, կվերադարձվի ընկերության գույքը իրական տիրոջը' վերջինիս  կրած վնասների փոխհատուցումով հանդերձ, որովհետև գույքը սեփականատիրոջից վերցված է ապօրինի ճանապարհով, ոստիկանության, դատախազության, ԴԱՀԿ-ի, բնապահպանության ու հարկային մարմինների ճնշումների, ապօրինի ակտերի և խոշտանգումների միջոցով:

«Սիլ Կոնցեռնի» լրատվական և իրավաբանական ծառայություններ

Այս խորագրի վերջին նյութերը