Լրահոս

02.02.2010 15:47


Ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարության

Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով:  Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաև Հայաստանին:

Այդ կապակցությամբ Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

2009թ.-ի մոնիթորինգային տվյալների միջին տարեկան արժեքների համեմատությունից պարզվել է, որ պղնձի կոնցենտրացիաների արժեքները Արաքս գետի հայ-թուրքական սահմանի գոտում, Նախիջևանից հայ-իրանական սահման մուտք գործելու գոտում և հայ-իրանական սահմանից դուրս գալու գոտում ունեն մոտ մեծություններ: Դա խոսում է ՀՀ տարածքում Արաքս գետի ջրի որակի վրա ՀՀ  տարածքից մարդածին գործոններով պայմանավորված ճնշումների բացակայության և Արաքս գետի ջրերում պղնձի պարունակության մակարդակի բնական (երկրաքիմիական, ֆոնային հիդրոերկրաբանական) գործոններով պայմանավորված լինելու մասին:

Արաքս գետի ՀՀ սահմանային տարածքում գտնվող բոլոր ութ մոնիթորինգային դիտակետերում պղնձի կոնցենտրացիաների արժեքները 2009թ.-ին և 2010թ.-ի հունվարին գտնվել են կոմունալ-կենցաղային օգտագործման ջրերի սահմանային թույլտրելի նորմաների սահմաններում:

Դեբեդ և Աղստև գետերի ջրերում պղնձի կոնցենտրացիաների արժեքները ակունքից գետաբերան աճում են, ինչը պայմանավորված է տարածքի երկրաքիմիական առանձնահատկություններով:

Միաժամանակ, պղնձի կոնցենտրացիաների արժեքները Արաքս, Դեբեդ և Աղստև գետերի ջրերում և վերին հոսանքներում և ՀՀ սահմանային գոտիներում  տասնյակ անգամներ ավելի փոքր են եղել, քան եվրոպական երկրներում ընդունված նորմերը:

Ֆենոլների առկայությունը մակերևույթային ջրերում պայմանավորված է լինում խոշոր օրգանական քիմիական արդյունաբերության, նավթավերամշակման, անտառամթերման, հատկապես փայտանյութի մեծածավալ արտադրության և մեծամաշտաբ արդյունաբերական անասնապահության թափոնների հետ: ՀՀ տարածքում ներկայումս բացակայում են բոլոր նշված գործոնները: Ֆենոլների կոնցենտրացիաների բարձր արժեքների մասին ադրբեջանական կողմը հարց է բարձրացրել նաև խորհրդային տարիներին: Այդ պատճառով ՀՀ մակերևույթային ջրերում ֆենոլների ջրաքիմիական մոնիթորինգի իրականացման որոշում է կայացվել դեռևս 1990-ական թվականներին: 5 տարի կենտրոնական իշխանությունների հսկողության տակ իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ՀՀ գետերի ջրերում ֆենոլների կոնցենտրացիաների արժեքները խիստ ցածր են,  և որոշում է կայացվել դադարեցնել է նրանց հետագա մոնիթորինգը:

Ընդհանրապես ֆենոլների կոնցենտրացիան երկրների մեծամասնությունում, մասնավորապես ԵՄ երկրներում թվային նորմավորման չի ենթարկվում: Ֆենոլների համար Եվրոպական գետերի համար սահմանված են համա-հոտա-զգայական նորմեր, այսինքն ֆենոլների կոնցենտրացիան բարձր է համարվուն այն դեպքում, երբ գետի ջրերից ակնհայտորեն ֆենոլի հոտ է գալիս կամ խմելիս ջրերի մեջ զգացվում է ֆենոլի համը: Երկու ցուցանիշներով էլ ՀՀ գետերի ջրերում նման դեպք չի դիտվել: Ադրբեջանական կողմը ֆենոլների դեպքում նույնպես, ինչպես պղնձի դեպքում, իր համար սահմանել է անիմաստ ցածր ազգային թույլատրելի նորմեր և հայտարարում է, թե վերին հոսանքներում գետերի ջրերը կեղտոտվում են: Այնուհանդերձ ներկայումս ՀՀ մակերևույթային ջրերում ֆենոլների մոնիթորինգը վերսկսման գործնթացում է և առաջիկա ամիսներին կստացվեն առաջին տվյալները:

Միաժամանակ, ադրբեջանական կողմի առաջարկով, որին համաձայնվել են նաև հայկական և վրացական մասնագիտական աշխատանքային խմբերն ու փորձագետները այդ հարցին վերջնական պատասխան տալու նկատառումով, Եվրոմիության ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում իրականացվում է մակերևույթային ջրերի մեջ ֆենոլների պարունակության մոնիթորինգ: Նույն ծրագրի շրջանակներում 2009 թվականի ընթացքում իրականացվել է Քուռ Արաքս գետավազանի միջսահմանային որոշ հատվածների համատեղ ջրաքիմիական մոնիթորինգ:

Միայն հետազոտությունների արդյունքները ցույց կտան գետավազանի իրական վիճակը, կբացահայտվեն իրական ճնշման գործոնները, ինչը թույլ կտա  մշակել ջրերի որակի կառավարման կամ բարելավման ծրագրեր: Այս ամենն իմանալով հանդերձ ադրբեջանական կողմը քաղաքակական նպատակներ հետապնդելով' որերորդ անգամ հանդես է գալիս գիտական լուրջ հիմնավորումներից զուրկ, մերկապարանոց հայտարարարություններով: Իսկ դրանց  արդյունքում դեռևս ոչ մի գետի ջուր չի մաքրվել և էկոլոգիական վիճակ չի բարելավվել:

ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը