Լրահոս

03.02.2010 09:46


Անհատ տաքսու վարորդների բողոքի արձագանքներով

Հունվարի 18-ին Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները բողոքով դիմել էին ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ Վարչապետին, Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, Գյումրու ավագանու անդամներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին, Շիրակի մարզպետ Լ.Նանյանին, բացատրելով, որ ոլորտը կարգավորելու նպատակ ունեցող օրենսդրությունը իրենց համար անընդունելի է, որովհետեւ այն հաշվի չի առնում վերջիններիս շահերը եւ ծանր սոցիալական կացության մեջ են դնում իրենց: Տաքսիստները իրենց բողոքում պահանջում էին վերանայել այդ օրենսդրությունը, պատրաստակամություն հայտնելով տարեկան 25-30 հազար դրամ հարկ վճարել տաքսի ծառայություններ մատուցելու համար:

Անցած 15 օրերի ընթացում այդ բողոքին եղել են հետեւյալ արձագանքները.

1. Գյումրու քաղաքապետարանում անհատ տաքսու վարորդներին պատասխանել են, որ քաղաքապետարանի կից նամակով այդ բողոքն ուղարկվելու է վերեւ' Երեւան: Այս կողմից այլ արձագանք չկա:

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մամլո գրասենյակը տաքսիստների մամլո խոսնակին է ներկայացրել պատգամավորի' 2009 թվի փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընթերցած հայտարարությունը, որում մասնավորաբար ասվում է, որ 10 տարեկանից ավելի տարիք ունեցող ավտոմեքենաները ուղեւորափոխադրումներ իրականացնելու իրավունք չեն ունենա, իսկ ,...դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ շատ շուտով կհայտնվեն անելանելի դրության եւ կարիքի մեջ: Խնդիրը բարդացել է նաեւ այն հանգամանքով, որ աշխատաշուկայի կրճատում է կատարվում ոչ միայն Հայաստանում: Գաղտնիք չէ, որ գարնանը կիսով չափ դատարկվում են Հայաստանի հատկապես հյուսիսային տարածաշրջանի գյուղերը: ... Հարգարժան գործընկերներ, խոսքս մեր կողմից լիցենզավորման մասին օրենքում կատարված հայտնի փոփոխության վերանայման մասին է: ...Առաջարկում եմ տաքսի ծառայության հետ կապված խստացումները եւ սահմանափակումները հետաձգել, առանց ժամկետներ սահմանելու եւ խնդրին անդրադառնալ այն ժամանակ, երբ աշխատատեղերի շուկայում այսպիսի լարվածություն չի լինի եւ հիմնականում հաղթահարված կլինեն տնտեսական ճգնաժաի այսօր դեռեւս անկանխատեսելի հետեւանքներըե: Մեկ տարի առաջ արված այս հայտարարությունը որպես տաքսիստների բողոքին պատասխան ներկայացնելը Գյումրու անհատ տաքսիների վարորդները գնահատում են որպես պատգամավորի դիրքորոշման վերահաստատում: Մյուս պատգամավորներից տաքսիստները այլ արձագանք չեն ստացել: 

Շիրակի մարզպետարանում բողոքը հանձնելու տարած տաքսիստների հետ հանդիպել են նախ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ապա' Շիրակի մարզպետը եւ առաջարկել է հանդիպել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ եւ նրան ներկայացնել բողոքը: Շիրակի մարզի անհատական տաքսիների երկու վարորդ եւ նրանց մամլո խոսնակը հունվարի 22-ին հանդիպել են ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ եւ մոտ 70 րոպե քննարկել խնդիրները: Տաքսիստները հանգամանորեն ներկայացրել են իրենց բողոքը, բացատրել, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը իրենց ուղղակի ստիպում է գործազուրկ դառնալ եւ բռնել գաղթի ճամփան, իսկ պետական պաշտոնյան բացատրել է, որ ՀՀ օրենսդրության պահանջները հարկավոր է կատարել: Տաքսիստները, ի վերջո բացատրելով, որ այդ օրենսդրությունը մշակելիս իրենց շահերը հաշվի չեն առնվել եւ իրենց դժգոհության շարժումը կարող է լուրջ սոցիալական դիմադրության վերածվել, առաջարկել են վերանայել գործող օրենսդրությունը:

Փետրվարի 1-ին Գումրու անհատ տաքսու վարորդներից երկուսը հանդիպել են ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ, որը ներկայացրել է օրենսդրության հնարավոր փոփոխությունների բովանդակությունը:  

Փետրվարի 2-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում թվով մոտ 50 անհատ տաքսու վարորդներ ժողով գումարեցին, որտեղ նրանց ներկայացվեցին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկած' ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունների բովանդակությունը: Մասնավորաբար.

  1. Տասը տարուց ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների' տաքսի ծառայություններ չմատուցելու արգելքը սառեցվում է մեկ տարով:
  2. Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցեզիայի վճարը կազմում է 25.000 դրամ:
  3. Մեքենայում հաշվիչ տեղադրելու պահանջը հանվում է:
  4. Ավտոմեքենաների' որպես տաքսի նկարազարդման եւ կահավորման (լույսեր եւ այլն) պահանջը հանվում է:
  5. Դեղին պետհամարանիշերը կհատկացվեն անվճար:
  6. Միավորումների դեպքում բժիշկի եւ մեխանիկի հաստիքներ ունենալու պահանջը հանվում է:
  7. Ամսական կենսաթոշակային հիմնադրամին պիտի 10-12 հազար վճարումներ անել, որին' կուտակային համակարգի անցնելու դեպքում պետությունը կավելացնի 25%:
  8. Անհատ տաքսիների թիվը պիտի սահամանփակվի (ապագայում) (?):

Փետրվարի 2-ի ժողովում տաքսիստները, լսելով այս առաջարկությունները, հաշվի առնելով, որ իրենք չեն ներկայացնում բողոքն ստորագրած 824 եւ չստորագրած անհայտ թվով տաքսիստների շահերը, որոշեցին.

  1. Այս առաջարկների նկարագրության պատճենները առաջիկա օրերին տարածել բոլոր անհատ տաքսիների վարորդներին' ծանոթանալու:
  2. Տաքսիների հավաքակետերում անցկացնել տեղային քննարկումներ եւ կարծիքների փոխանակումներ վերոհիշյալ առաջարկություների մասին, դիրքորոշվել, որքանով են դրանք ընդունելի կամ' ոչ:
  3. Դիմել զանգվածային լրատվամիջոցներին' ակնկալելով ինչպես խնդրի, այնպես էլ' վերոհիշյալ առաջարկների հրապարակումներ եւ հանրային քննարկումներ' արդյունավետ որոշում կայացնելու համար:
  4. Փետրվարի 18-ին' հինգշաբթի օրը, ժամը 12-ին, Գյումրու Կարսի խճուղում' Մայր Հայաստան հուշահամալիրի մատույցներում հավաքվել ժողովի' առաջարկների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու եւ պատասխանելու համար:

Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդների փետրվարի 2-ի ժողովին մասնակցում էին Վանաձորից եկած անհատ տաքսի վարորդներ, որոնք խոստացան այս զարգացումների մասին տեղեկացնել իրենց գործընկերներին Վանաձորում եւ Լոռու մարզում, ինչպես նաեւ համանման խորհրդակցություններ ունենալ առաջարկների մասին եւ բախտակիցների դիրքորոշումը պարզելու համար:

Փետրվարի 2-ին Գյումրու ավագանու 15 անդամներից Մխիթար Սահակյանը անհատ տաքսիստների վարորդների մամլո խոսնակին տեղեկացրել է, որ ինքը ստացել է տաքսիստների բողոքը, ծանոթացել է դրան, հայտնում է իր զորակցությունը նրանց, համաձայն է նրանց դժգոհության հետ եւ գտնում է, որ գործող օրենսդրությունը հարկավոր է փոփոխել: Գյումրու ավագանու մյուս անդամներից առայժմ արձագանք չկա: 

Այս խորագրի վերջին նյութերը