Լրահոս

06.02.2010 11:27


ՀՅԴ պատգամավոր. «Արտաբյուջետային միջոցները ծառայում են ոչ միայն որպես օրինականացված կոռուպցիայի միջոց...»

ՀՅԴ պատգամավոր. «Արտաբյուջետային միջոցները ծառայում են ոչ միայն որպես օրինականացված կոռուպցիայի միջոց...»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը կարծում է, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը վերահսկելու խնդիր կա, որովհետև շատ հաճախ նույնիսկ ամբողջական հաշվետվությունները ստանալու պարագայում հնարավոր չէ վերջնականապես տեղեկանալ՝ այդ գումարներն արդյունավե՞տ են ծախսվել, թե՞ ոչ։

-Երբ դու տողերում կարդում ես պարգևատրումներ, գույքի ձեռբերում և այլն, դա շատ բան չի ասում ո՛չ պատգամավորին, ո՛չ էլ այլ մասնագետի, որովհետև հայտնի չէ՝ պարգևատրումը քանի հոգու և ինչ ծավալի է արվել, գույքի ձեռքբերումն էլ իրենից ինչ է ներկայացրել,- «7օր»-ին ասել է Ա. Նռանյանը։

Հատկապես արտաբյուջետային ծախսերի վերահսկողությունը, նրա խոսքերով, բավական թույլ է, և դա կառավարության նիստերից մեկի ժամանակ ընդունել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

-Կան փաստեր, որ տարբեր պետական մարմիններ արտաբյուջետային միջոցները տնօրինում են շատ ավելի ազատ, քան պետական բյուջեի միջոցները, և այստեղ որևէ վերահսկողություն չկա։ Ավելին, իրենք ունեն որոշակի աղբյուրներ գումարներ վաստակելու համար և դրանք լայնորեն օգտագործում են իրենց արտաբյուջետային հիմնադրամը լցնելու համար, որովհետև վերջինը  ծախսելու համար իրենք ունեն համապատասխան արտոնյալ  դաշտը,- նշել է Ա. Նռանյանը՝ ավելացնելով, որ իրենց խնդիրը ԱԺ պատգամավորի և հասարակության վերահսկողությունն ու արտաբյուջետային միջոցների թափանցիկությունն ապահովելն է։

-Ուզում եմ հատկապես հիշեցնել ՀՀ ֆինանսների նախարարի այն արտահայտությունը, որը որոշ չափով նաև զարմանք առաջացրեց պատգամավորների մոտ, որ արտաբյուջետային այդ միջոցներն այդքան էլ մեծ գումար չեն. դրանք ընդամենը 15 մլրդ դրամ են կազմում,- ընդգծել է ՀՅԴ պատգամավորը՝ հավելելով.

-Գաղտնիք չէ, որ արտաբյուջետային միջոցները ծառայում են ոչ միայն որպես օրինականացված կոռուպցիայի միջոց, այլ նաև որպես իրենց հավատարիմ աշխատակիցներին պարգևատրելու, անհրաժեշտության դեպքում  սեփական բիզնեսը զարգացնելու կամ այլ գործարարների հետ որոշակի տնտեսական հարաբերություններ հասատատելու բավական հետաքրքիր մեխանիզմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը