Լրահոս

11.02.2010 09:09


Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: 

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել է պաշտոնական Երևանի մոտեցումների մասին:

Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:  Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը' մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:

Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը և նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:

Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաաձեռնված «Երևան' իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին' աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա  Նազարբաևայի մասնակցությամբ: «Երևան'իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:

Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաև իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը: «Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները և հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը' եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- նշել է Սերժ Սարգսյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը