Քաղաքական

24.04.2018 17:57


Լոռու մարզպետը չի պատկերացնում իր աշխատանքը Փաշինյանի հետ (տեսանյութ)

Լոռու մարզպետը չի պատկերացնում իր աշխատանքը Փաշինյանի հետ (տեսանյութ)

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ազատության» հարցին՝ արդյոք պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հնարավոր վարչապետության դեպքում, պատասխանեց՝ «միանշանակ՝ ոչ»։ Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով՝ պետք է համակերպվել քաղաքական իրավիճակի հետ։

«Քաղաքացիների կամքի օրինական արտահայտության ձևով ձևավորված ցանկացած իշխանության հետ բոլորը պիտի համակերպվեն ու աշխատեն։ Ի՞նչ ա նշանակում, ո՞ւմ հետ չի կարելի աշխատել, եթե մենք բոլորս հայ ենք»,-«Ազատությանն» ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և շարունակեց. «Պրոցեսներ են քաղաքական, էս պահին կանխատեսումներ չի կարելի անել, մանավանդ որ էմոցիաների բավականին մեծ բորբոքում կա, էյֆորիկ տրամադրություն կա, հիմա սառը դատելու ժամանակ չի»։

Մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշելով, որ վաղվա բանակցություններից շատ բան է կախված, ասաց, որ անցած օրերին տեղի ունեցած ակցիաները քաղաքական ուժերի համար դասեր քաղելու հնարավորություն են։

«Նմանատիպ քաղաքական ակցիաները ինձ երբևիցե չեն անհանգստացնում։ Միգուցե մի փոքր մտահոգվում ենք ու հասկանում ենք, որ անելիքները շատ, շատ ավելի են, քան որևէ մեկը պատկերացնում է»,-«Ազատության» հարցին ի պատասխան ասաց Լոռու մարզպետը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը