Քաղաքական

01.05.2018 11:55


ԱԺ-ում այսօր վարչապետի ընտրության հարցն էր․ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր վարչապետի ընտրության հարցն էր․ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր (տեսանյութ)

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրում: Ներկայացված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին արդեն իսկ հայտարարել են «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

«ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը:

Նշենք, սակայն, որ այս գիշեր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ ԱԺ ընտրությունների արդյունքում»:

Նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 1-ին բողոքի ոչ մի գործողություն չանել, այլ ժամը 11։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը։ Սակայն, այս նոր զարգացումները փոխել են իրավիճակը, և այժմ Փաշինյանը կոչ է արել առավոտվանից 100 հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դրվի քաղաքացու կամքն ու աջակցությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը