Քաղաքական

08.05.2018 15:08


Կարեն Կարապետյանը դիմել է ՀՀ նախագահին առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ

Կարեն Կարապետյանը դիմել է ՀՀ նախագահին առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը:

Նա նաև ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնել է քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար, ապա բարի երթ մաղթել նոր վարչապետին:

«Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆեկտիվ երիտասարդներին»,-գրել է նա։

Շնորհավորելով նոր վարչապետին՝ Կարեն Կարապետյանը նրան ու հաջորդող բոլոր վարչապետերին մաղթել է բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ «Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք: Շնորհակալություն»,-եզրափակել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը