Խմբագրական

14.05.2018 19:25


Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Կառավարության նոր կազմն արդեն հայտնի է: Ոմանք դրական գնահատեցին նորանշանակներին, իսկ ոմանք՝ բացասական: Երկու դեպքում էլ գնահատականի հիմքում կար և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պահ:

Մեր կարծիքով՝ քննադատությունը կամ գովքը սխալ տեղից է սկսած, բայց ստեղծված իրավիճակում դա հասկանալի է: Տարիքը, խնամիածանոթական կապերը կամ ընկերությունը քննության առարկա են դարձել, քանզի հեղափոխությունը գաղափարական ու բովանդակային առումով, մեղմ ասած, կաղում է: Պետք է կադրին գնահատել ըստ չափելի արդյունքների ու համեմատելի ծրագրերի: Դրանք առայժմ չկան: Նորանշանակներից մեծ մասի տեսակետներն իրենց վստահված ոլորտների վերաբերյալ հայտնի չեն, ուստի անիմաստ է գնահատել նրանց լավ կամ վատ լինելը (հատկապես որ էմոցիոնալ փուլ է և ռացիոնալ գնահատականը հանդիպում է մարտնչող տգիտության հարձակումներին):

Կառավարման մեջ կա ոսկե կանոն, այն է՝ ֆունկցիան պետք է որոշի կառուցվածքը, իսկ կառուցվածքում արդեն պետք է տեղավորել համապատասխան կադրերին: Հետանկախական Հայաստանում հիմնականում հակառակն է եղել՝ անձն է որոշել ֆունկցիան ու անձն է դրվել առաջին տեղում, այլ ոչ թե գաղափարն ու ֆունկցիան:

Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փեդ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով, այսինքն՝ կարևորը մեր «կռուգից» լինի, ջհանդամ թե անփորձ կամ անգրագետ չէ:

Հիմա առանձնապես բան չի փոխվել: Այնպես որ շատ պետք չէ խորանալ, ասենք, Օսիպյանի կամ մյուս պաշտոնյաների հարցում:

Մեր կարծիքով, պետք չէ երկարաժամկետում դիտարկել այս կառավարության գործունեությունը: Սա ժամանակավոր կառավարություն է՝ իր ժամանակավոր խնդիրներով, որոնք պետք է շատ արագ լուծվեն: Այդ խնդիրները հետևյալն են՝

1. ազատ արձակել անխտիր բոլոր քաղբանտարկյալներին՝ ոմանց մասով կիրառելով արդարացման, իսկ ոմանց մասով՝ ներման ինստիտուտը:

2. ընդունել Ընտրական նոր օրենսգիրք, որի շրջանակներում պետք է խստագույն պատիժներ սահմանվեն ընտրակեղծիքների համար, ընտրակաշառքը պետք է քրեականացվի, ռեյտինգային կոչված ընտրակարգը պետք է վերացվի, անհրաժեշտ է սահմանել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, հանել բոնուսային մեխանիզմը և այլն,

3.օրենսդրորեն ապամոտաժել Սերժ Սարգսյանի վրայով կարված սուպերվարչապետական համակարգը՝ լիազորությունները վերաբաշխելով ՀՀ նախագահի, խորհրդարանի ու կառավարության միջև,

4. նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ տեխնիկական մասով:

Իհարկե, կան նաև այլ խնդիրներ (բյուջետային, հարկային և այլ բնույթի), որոնք ժամանակավոր կառավարությունը պետք է լուծի, սակայն վերը նշվածներն այն խնդիրներն են, որոնք եթե չլուծվեն մինչև արտահերթ ընտրությունները, ապա այդ ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել:

Պարզ է, որ եթե թեկուզ մեկ քաղբանտարկյալ մնա բանտում, ապա բոլոր առումներով դա ապալեգիտիմացնելու է առաջիկա ընտրությունները: Եվ ուրեմն, եկեք չմոռանանք, թե ինչու է հավաքվել այս նոր կառավարությունը: Մնացած խոսակցություններն արդեն արտահերթ ընտրությունների փուլում ու դրանից հետո կունենանք:

7or.am

Հ.Գ.: Հեղափոխական ալիքը միշտ էլ դրական բաների հետ համատեղ ջրի երես է հանում նաև փրփուրը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը հեռացվել է, ու մենք ժամանակակից պետություն կառուցելու հնարավորություն ենք ստացել: Կօգտագործե՞նք, թե՞ ոչ այդ հնարավորությունը, կախված է բացառապես մեզանից:

Սա մեր 2-րդ հնարավորությունն է 88-ի շարժումից հետո: Առաջին երկուսն այդքան էլ լավ չեն օգտագործվել, որի արդյունքն էր նաև ՀՀԿ-իզմը և երկրում տիրող գաղջ մթնոլորտը:

2-րդ հնարավորությունը բաց թողնելու իրավունք չունենք:

Այս խորագրի վերջին նյութերը