Քաղաքական

17.05.2018 18:41


Աշոտյանը՝ սաբոտաժի մասին (տեսանյութ)

Աշոտյանը՝ սաբոտաժի մասին (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է, որ ՀՀԿ-ն որևէ կապ չունի այս օրերին հանրապետության տարբեր վայրերում անցկացվող բողոքի ցույցերի հետ: Լրագրողների հետ զրույցում նա ասել է․

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն էի լսում` կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա և չի կարող լինել. ուզում եմ վերահաստատել` սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է: Սա փաստ է ու տեսանելի իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը: Կառավարության մեջ ներառված են խորհրդարանական մյուս բոլոր ուժերը, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն: Այսինքն ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեր դերակատարությունն է ու հավելյալ արժեքը քաղաքական կյանքում նաև այլակարծություն և բազմակարծություն, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերի բալանսավորված և տարանջատ գործողություններ ապահովելն է»:

Նա վստահեցրել է, սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ:

Աշոտյանն ընդգծել է՝ առաջին վտանգը, որ տեսնում է երկրում, անարխիան է․

«Երկրորդ վտանգը, որը դրա հակընդդեմ վտանգն է, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու գերկարգավորումների դաշտով քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու: Այս ճանապարհը նույնպես ռիսկային է: Այսօր տեսնում եմ հանրային-քաղաքական քննարկումների դիսկուրսում այն կարծիքների նկատմամբ անհանդուրժողականություն, որոնք չեն համապատասխանում գործող իշխանությունների կամ իրենց ղեկավարի կարծիքների հետ»։

Երրորդ վտանգը Արմեն Աշոտյանը համարում է Հայաստանի համար պոպուլիզմի վտանգավոր այն աստիճանը, որը կարող է էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը