Լրահոս

07.12.2010 17:50


ՀՀԿ պատգամավոր. «Ի՞նչ է անհրաժեշտ մեզ այսօր ամենից ավելի»

  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանի ԱԺ հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին

Ի՞նչ է անհրաժեշտ մեզ այսօր ամենից ավելի։ Խաղաղություն և ինքնուրույն զարգացման հնարավորություն։ Մենք այսօր ամենահեղինակավոր մակարդակով հաստատում ստացանք, որ ուժի սպառնալիքն ու ուժի կիրառումը մեր տարածաշրջանում այսուհետև անընդունելի է լինելու միջազգային հանրության կողմից ։ Ղարաբաղը լուծել է իր խնդիրը, և նրա միակ պահանջն այսօր ազատ զարգանալու հնարավորություն ստանալն է։ Իսկ նրան բռնությամբ պարտադրելը հսկայական քանակությամբ քաղաքական, իրավական և հումանիտար պրոբլեմներ է հարուցելու ։ Ակնհայտորեն, սա այսօր հասկացել է միջազգային հանրությունը։

Ի վերջո հստակություն է մտցվում նաև ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության միտումնավոր խճողած մոտեցումների հարցում։ ԵԱՀԿ գագաթաժողովի այդ բարձր ամբիոնից առաջին անգամ հստակ հղում է կատարվում ՄԱԿ□ի կանոնադրությանը։ Իսկ հենց այդ կանոնադրությամբ,  ՄԱԿ□ի կազմավորումից անմիջապես հետո սկսվեց անկախացումների շքերթը, որի արդյունքում, տասնամյակների ընթացքում, անկախ պետությունների քանակը քառապատկվեց։ Դա ժամանակի թելադրանքն է։

Ապօրինաբար ստանալով երկու ավտոնոմիա իր կազմում՝ Ադրբեջանը արդեն իսկ խախտել է ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը, և եթե Նախիջևանի դեպքում դա բարբարոսաբար իրականացվեց, որի վերջին խոսուն օրինակը բերեց ՀՀ նախագահը գագաթնաժողովի իր ելույթում, ապա Արցախի հարցում անհնար է, որ թույլ տրվեն 19□րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբների ՝ հումանիզմի տեսանկյունից դեռևս անկատար սկզբունքները։ Մենք այսօր ավելի քան մոտ ենք այն մտքին, որ առնվազն վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները, ի վերջո, իրենց  արդյունքին են մոտենում, և տարին փակում ենք բոլոր ազդեցիկ պետությունների ներկայացուցիչների կողմից խաղաղության վստահ և հստակ հորդորներով։ Աստանայի հայտարարություններն ու որոշումները մեր շահերից են բխում։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում, սակայն երբ մեզ պարտադրում են՝ կռվում ենք տաղանդավոր կերպով։

Աստանայում արձանագրված հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ ուժի գործադրման և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին՝ ամբողջությամբ վերաբերում է Ադրբեջանին։ Հուսով ենք, որ առաջին բուռն զգացումներից հետո մեր հարևանները կհասկանան, որ խաղաղ համաձայնության չգալու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա բռնանալու դեպքում իրենք շատ ավելին են կորցնելու, մնալով ձեռնունայն ։ Այստեղ պետք է իրենք ևս ի վերջո փնտրեն իրական փոխզիջման ելակետերը՝ ռազմաշունչ հայտարարությունների փոխարեն։

Այս խորագրի վերջին նյութերը