Լրահոս

26.02.2010 14:42


Էլէկտրաէներգիայի սակագները չեն փոխվելու

Էլէկտրաէներգիայի սակագները չեն փոխվելու

-Էլէկտրաէներգիայի սակագները չեն փոխվելու. մնալու են ներկայիս գործող սակագները,- լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ վստահեցնելով, որ 2010թ. ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացումը չի անդրադառնալու էլէկտրաէներգիայի սակագնի վրա։ Նրա խոսքերով՝ չնայած գազի սակագինը թանկացել է, միևնույն է, որպես ջերմատվության աղբյուր գազը շարունակում է մնալ ամենաէժանը։

-Այսօրվա նիստում հաստատված մեր սակագների մակարդակը հնարավորություն է տալիս այս տարածաշրջանում լինել մրցունակ, եթե դա, իհարկե, կապում եք ուղղակի գազի գնի հետ։ Եթե այլ բանի հետ եք կապում, ես չգիտեմ։ Գազը տվյալ պարագայում չի կարող խանգարել, որ մեր արդյունաբերողները մրցունակ լինեն, որովհետև եթե նայեք, մեր հարևան երկներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Թուրքիայում կտեսնեք, որ արդյունաբերողների համար շատ ավելի բարձր է սակագինը, քան մեր հայրենական արտադրողների համար,- հավելել է ՀԾԿՀ նախագահը։

Փոխարենը տրատնսպորտի համար գազի գինը կարող է բարձրանալ։

-Ընդհանրապես երբ գազի սակագինը բարձրանում է, տրամաբանական է, որ որոշակի ազդեցություն կունենա այն տնտեսվարող սուբյեկտների ինքնարժեքի վրա, որոնք իրենց գործունեության մեջ գազ են օգտագործում։ Տրանսպորտի բնագավառում, որտեղ իրենց համար վառելիքը համարվում է ոչ թե բենզինը, այլ գազը, մենք հաշվարկել ենք, որ 1խմ խորանարդի համար ընդամենը16 դրամով սա կարող է ազդել գազալիցքավորման կայանների այսօրվա գործող ինքնարժեքի վրա, ոչ ավելի, նույնիսկ 16-ից մի փոքր ցածր,- հայտարարել է Ռ. Նազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ-ն իր առավոտյան նիստում բարձրացրեց սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը։ Իսկ այսօր՝ ժամը 16։00-ին էլ հանձնաժողովը քննարկելու է մի շարք ընկերությունների կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։

Վերոնշյալ հայտը Ռ. Նազարյանը համարում է վերապահումով հիմնավորված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը