Քաղաքական

26.02.2010 17:51


Խոջալու. ո՞րն է իրականությունը

Խոջալու. ո՞րն է իրականությունը

Այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցը (1992թ. փետրվարի 26-28)։ Ադրբեջանական կայքերը և հեռուստատեսությունը հեղեղված են Խոջալուի դեպքերի մասին պատմող պատմություններով և ֆոտոռեպորտաժներով։ Ադրբեջանն ամբողջ ուժգնությամբ գործի է դրել քարոզչամեքենան։ Հակաքարոզչական անդրադարձ, այսինքն՝ դեպքերի իրական պատկերը ներկայացնելուն ուղղված քայլեր հայկական կողմից իրականացվում են անձնական, սակայն ոչ պետական մակարդակով։ Օրերս Երևանում «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց նոր կայք, որը բացահայտում է 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող մոտ 20 լուսանկարների կեղծ լինելը: «Xocali.net» կայքի հեղինակները պնդում են, որ ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն օգտագործում է կեղծ նյութեր, որոնք ոչ մի կապ չունեն Աղդամի ռազմական գործողությունների հետ։

1992-ին ԼՂՀ պաշտպանության բանակն իր վերահսկողության տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ արևմուտք տեղակայված Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ գտնվում էր նաև օդակայանը։ Ադրբեջանական զորքերն ամեն կերպ փորձում են ռազմական այդ գործողությունները ներկայացնել որպես բնակչության էթնիկ զտում։ Այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն ճանաչել՝ դրա համար գործի դնելով քարոզչական հնարավոր և անհնարին բոլոր միջոցները։

Ինչպես «7օր»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ռազմական գործողությունների ժամանակ հիմնականում տեղի է ունեցել Խոջալուում գտնվող ահաբեկչական ապօրինի ջոկատների ոչնչացում, որոնք ռմբակոծում էին Խոջալուի շուրջ գտնվող ԼՂՀ  բնակավայրերը, փակել էին հիմնական ճանապարհը և թույլ չէին տալիս, որ Ստեփանակերտը սնունդ և դեղորայք ստանար։

Նա ընդգծել է, որ պետք է նաև հաշվի առնել, որ այդ խմբավորումները ոչնչացնելուց հետո քաղաքում գտնվում էին 2 «Գրադ» կայանի հրթիռային համակարգ, 2 զրահամեքենա, 4 «Ալազան» տիպի թնդանոթ և մեկ 100 մմ տրամաչափի թնդանոթ. «Եթե հաշվի առնենք նաև, որ այդ պահին Աղդամում կուտակված է եղել 34 հազարանոց բանակ, ապա համոզվում ենք, որ դրանով կանխվել է նաև հարձակումը Ստեփանակերտի վրա»։ Աղդամ քաղաքի շրջակայքում իսկապես սպանվել է որոշակի թվով խաղաղ բնակչություն, այն, ինչն այսօր իր քարոզչության մեջ շահարկում է Ադրբեջանը, սակայն, Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով, ադրբեջանական քարոզչությունը լռում է և երբեք չի նշում, որ այդ բնակչությունն սպանված է եղել այն տարածքում, որը մինչև 1993-ի ամառը գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Հետևաբար, քաղաքագետը համոզված է, որ այդ բնակչությանը հայերն սպանել չէին կարող, քանի որ այդ քաղաքում այդ ժամանակ 34 հազարանոց բանակ կար և մեծ քանակով զրահամեքենաներ. «Ես համոզված եմ նաև փաստերով, որ այդ բնակչությանը սպանել է ադրբեջանական բանակը, ըստ երևույթին, պատահական, իսկ դիակներից այլանդակված են ընդամենը 7-8-ը։ Դիակներն այլանդակել են արդեն մտածված»։

Ինչ վերաբերում է հայկական կողմի քարոզչական աշխատանքներին, նա նշել է, որ դրանք իրեն չեն բավարարում և ոչ միայն Խոջալուի հարցով. «Ես հասկանում եմ նաև, որ ճիշտը քարոզելն ավելի դժվար է, քան սուտը, բայց, այնուամենայնիվ, համարում եմ, որ մենք այս հարցերում շատ ավելի պասիվ ենք, քան Ադրբեջանը։ Բավական է միայն ասել, որ հարյուր երկրից ավելի դեսպանատներում Ադրբեջանն այս տարի Խոջալուին վերաբերող ինչ-որ միջոցառումներ է իրականացնում, որտեղ իր սուտն է առաջ տանում։ Նույնիսկ այն նկարներն է ցուցադրում, որոնք արդեն ապացուցված է, որ կեղծված են»։

Նրա կարծիքով կամավորական հիմունքներով հնարավոր ամեն ինչ արվում է, և ժամանակն է պետական մակարդակով քարոզչությամբ զբաղվելը։ Այդ հարցով արդեն պետք է զբաղվի պետությունը, քանի որ ամեն օր ոչ միայն պարտվում ենք, այլև հետ ընկնում ու կորցնում մեր դիրքերը։ Նա նշել է, որ պետության և բնակչության համար կարևոր են ինչպես պատերազմը, այնպես էլ քարոզչական պատերազմը. «Եթե մենք այսօր դրանով չզբաղվենք և չօգտագործենք նաև մեր սփյուռքահայության հնարավորությունները, մենք կարող ենք վաղը շատ ծանր կացության առջև կանգնել, եթե արդեն չենք կանգնել։ Դա պետք է կարգավորվի։ Մենք այսօր քարոզում ենք, կոպիտ ասած, ամեն մեկս մեր խելքի փչածը. իրականում մենք պետք է խփենք միևնույն մեխին և միևնույն ուղղությամբ»։

Ե՞րբ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը կըմբռնի քարոզչության և քարոզչական պատերազմի ողջ ուժն ու ազդեցությունը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը