Քաղաքական

26.02.2010 18:59


Հայաստանի քաղաքագետների միության վարչության հայտարարությունը Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Հայաստանի քաղաքագետների միության վարչության հայտարարությունը Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների կապակցությամբ

2008-ին նախագահական ընտրություններից հետո   երկրում իշխանությունների սանձազերծած զանգվածային ահաբեկումները, ընդդիմադիր գործիչների, անկախ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ հաշվեհարդարները վերջին շրջանում նոր ընդգրկում ու թափ են ստացել: Չբավարարվելով Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների արդյունքը մոնղոլ-թաթարական մեթոդներով կեղծելով, իշխանությունները ձեռնամուխ են եղել  քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին աջակցություն ցուցաբերած գործիչներից վրեժխնդիր լինելու կամ, օգտվելով Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Թոմաս Համերբերգի արտահայտությունից, նրանց նկատմամբ մի նոր «վենդետա» իրականացնելու գործին: Հիմնական թիրախներ են ընտրվել մայրաքաղաքում 2008-ի մարտի 1-ին իշխանությունների կազմակերպված սպանդից հետո ի նշան բողոքի պատգամավորական մանդատից հրաժարված Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը և Նիկոլ Փաշինյանի օգտին իր թեկնածությունը հանած ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Իրենց համար հոգեհարազատ գողական հեռուստասերիալների ոգով իշխանությունները գործի են դրել ավազակապետության ողջ զինանոցը՝ քաղաքական հակառակորդների ընտանիքների անդամների ահաբեկումներից մինչև իշխանամետ լրատվամիջոցներում ընդդիմադիր գործիչների հասցեին հայրենական խուժանակրատիայի քիմքին հարիր սեռական բնույթի հայհոյանքները: Դատարկ Դհոլի և նրա ռայկոմական տաշեղների կատարմամբ նողկալի զեղումները, որոնք ի ցույց են դնում հոգեվարքի մեջ գտնվող մոլագարների երևակայության խորխորատները, ոչ միայն պահանջված են Հայաստանն անդունդի եզրին հասցրած և քաղաքական ընդդիմախոսությունից սարսափող այսօրվա վարչախմբի կողմից, այլև լիովին համապատասխանում են այդ վարչախմբի □պլինտուսից ավելի ցածր□ մտավոր և բարոյական մակարդակին:

Երբ երկրիդ ղեկավարը 10-րդ ընտրատարածքում պատգամավորական ընտրարշավի ժամանակաշրջանում գնաց Արտաշես Գեղամյանի ոտքը և դրանով փաստորեն հրապարակային աջակցություն հայտնեց, իր իսկ բնութագրմամբ, «ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդու« («Առավոտ», 2. 9. 2005 թ.) թեկնածուին՝ Արա Սիմոնյան անունով ոչնչությանը, արդյոք իրեն հաշիվ տվե՞լ է, որ դրանով վիրավորեց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, անարգեց պետական խորհրդանիշներից կարևորագույնը՝ Հանրապետության Նախագահի պաշտոնը:

Երբ այսօր Սերժ Սարգսյանը փորձում է Ռուսաստանի նորանշանակ դեսպանի վրա ամեն գնով «սաղացնել» հայ-ռուսական ռազմավարական բարեկամության ջատագովի տարազով այժմ հանդես եկող Դհոլին, գուցե մոռացե՞լ է, թե ինչպես էր մի քանի տարի առաջ այդ նույն Դհոլն ի լուր աշխարհի պախարակում այդ ժամանակ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին, մեղադրելով վերջինիս կաշառվածության, հենց իրենից՝ Սերժ Սարգսյանից «ծրարով» վարձատրություն ստանալու մեջ: Այդ ինչո՞ւ Արամ Կարապետյանի կամ Սարգիս Հացպանյանի նկատմամբ կարելի էր չեղած տեղը «կեղծ մատնության» մեղադրանքով քրեական գործեր հարուցել, իսկ Դհոլից Աղվան Հովսեփյանը հաշիվ չպահանջեց: Գուցե այն պարզ պատճառո՞վ, որ ժամանակակից հայաստանյան «ախոռային իսթեբլիշմենթին» դուր էր գալիս, թե ինչպես է Դհոլը նվաստացնում երկար տարիներ Հնդկաստանում խորհրդային գերտերության արտակարգ և լիազոր դեսպանի ճանապարհ անցած վաստակաշատ դիվանագետին կամ, ինչո՞ւ ոչ, այդ դիվանագետին Հայաստանում ժամանակակից Ռուսաստանի դեսպանի պաշտոնին նշանակած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին (□տեսեք ինչպես է մեր շեֆը իրա փողերով սեփական գրպանում պահում Պուտինի դեսպանին□): Չենք կարծում, որ Ռուսաստանի նման լուրջ պետության ղեկավարների հիշողությունը, պատվախնդրությունը և սեփական պետական ավանդույթների նկատմամբ հարգանքը թույլ կտան նրանց Սերժ Սարգսյանի օրինակով մոռանալ իրենց երկրի արժանապատվությանը հասցված զարհուրելի վիրավորանքը:

Հանրապետության Նախագահի երբևէ հրապարակված յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչուր գնահատականն ունի անանց արժեք և իմաստ: Եթե Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը դա չի հասկանում, ժողովուրդը դատապարտված է կրելու անդառնալի բարոյական, նյութական և տարածքային կորուստներ: Դեռ Նիկոլո Մաքիավելին էր ասում, որ պետության ղեկավարը չպետք է խանդավառվի նախկինում իրեն անձնական վիրավորանքներ հասցրած մարդու հրապարակային քծնանքից, այլ ընդհակառակը՝ պետք է նման հաճոյախոսին իրենից հեռացնի: Միայն այդպես վարվելով կառավարիչը կարող է ձեռք բերել ազնվական տիրակալի համարում, ով պատվախնդիր է և երբեք չի նմանվում փողոցային դուքանչիներին, քանզի վերջիններին է հատուկ իրար մի լավ անպատվելուց հետո «խնամու տանը, աղ ու հացի սեղանի շուրջ ախպերանալը»: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ իրեն «Մոնտե Կառլոյի կազինոներում Հայաստանի ֆինանսական միջոցները քամուն տվող ղումարբազ», «հանցագործ ղարաբաղյան զույգի անդամ», «մարդասպան», «կոռուպցիայի կնքահայր» հրապարակայնորեն անվանողի նույնքան հրապարակային քծնանքներից երկրի ղեկավարդ այնքան է զմայլվել, որ հրահանգել է իշխանական մամուլին առանց որևէ սահմանափակումների տիրաժավորել Դհոլի նմանատիպ հայհոյանքները ուրիշների հասցեին, միայն թե Դհոլն այլևս իրեն «չկպնի», ուրեմն մեզ մնում է ասել. □Ողբամ զքեզ, Երկիր Նաիրի, քո առաջնորդը այնքան խոցելի է, որ ... Դհոլի հայհոյանքներից է վախենում□:

Իշխանությունների կենդանական վախը երկիրն աղետալի վիճակի հասցնելու համար անխուսափելի հատուցումից դրսևորվում է ոչ միայն հայտնի հաճախորդներին և կեղծ ընդդիմությանը սիրաշահելով, այլև միջնադարյան հավատաքննիչներին հատուկ դաժանություններով և վայրագություններով՝ ինչպես իրական ընդդիմության, այնպես էլ անկախ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ: Չփորձելով նույնիսկ քողարկել պատճառահետևանքային կապը հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների արդյունքների կեղծման և հունվարի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հիրավի դրակոնյան դատավճռի կայացման միջև, իշխանությունները սկզբից ամեն ինչ արեցին խոչընդոտելու համար Փաշինյանի բողոքի մուտքը Սահմանադրական դատարան, իսկ երբ դա չհաջողվեց, նոր թափով սանձազերծեցին ճնշումներն ու բռնությունները այն մարդկանց և այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրենց ձեռքի տակ ունեն ընտրությունները կեղծելու մասին լուրջ ապացույցներ և պատրաստվում են դրանք ներկայացնել մարտի 5-ին մեկնարկող Սահմանադրական դատարանի քննությանը: Այն, ինչ կատարվեց փետրվարի 10-ին, երբ Տերյան փողոցում՝ իրենց տան մերձակայքում զինված հարձակման ենթարկվեցին □Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն□ կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը և նրա անչափահաս դուստրը, ցույց է տալիս, որ իշխանությունները, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թվականի մարտին, այս անգամ էլ պատրաստվում են ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցով Սահմանադրական դատարանի նիստերն ուղեկցել քաղաքացիների դեմ ձեռնարկված ահաբեկչական □միջոցառումներով□: Վրեժխնդրության ծարավն այնքան է կուրացրել տնաբույս □բենլադեններին□, որ նրանք պատրաստ են նախագահական նստավայրից Սահմանադրական դատարանի խամաճիկային կախվածությունն աշխարհին հերթական անգամ ապացուցելու գնով նույնիսկ՝ անփոփոխ թողնել 10-րդ ընտրատարածքում բռնություններով, քվեաթերթիկների լցոնումներով և այլ խայտառակ կեղծիքներով կանխորոշված ընտրությունների արդյունքները: Մեր տեղեկություններով' Սերժ Սարգսյանը, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների հարցով Սահմանադրական դատարանի վճռում ներդրված վերապահումների դեպքում, այս անգամ էլ Գագիկ Հարությունյանին արդեն տվել է իր «կևորկովյան» ցուցումը, և կենտկոմական դպրոցն անցած Գ. Հարությունյանը այն անշեղորեն կկատարի:

Իշխանությունների պլանները կարող են ձախողվել, եթե մարտի 1-ից բարձրանա համաժողովրդական շարժման մի նոր հզոր ալիք: Հաշվի առնելով ռեժիմին ցուցաբերվող արտաքին քաղաքական աջակցության օրակարգի մոտալուտ սպառումը, մենք կանխատեսում ենք, որ հզոր համաժողովրդական ալիքն ի զորու է սրբել-տանելու իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբին' սկիզբ դնելով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արդարության և համերաշխության հաստատմանը:                    

Այս խորագրի վերջին նյութերը