Կարծիք

07.08.2018 19:30


Հեղափոխությունների տրամաբանությունը կարևոր է հասկանալ

Հեղափոխությունների տրամաբանությունը կարևոր է հասկանալ

Հիմա շատ է խոսվում, թե ովքեր են հեղափոխության մեջ ներդրում ունեցել։ Մի քանի անուններ տամ, ովքեր մեծ ներդրում են ունեցել, բայց որոնց մասին չի խոսվում՝ Ռոբերտ Քոչարյան, Կարեն Կարապետյան, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, ՀՀԿ գործարար և դժգոհ հատվածներ, հետո արդեն Սերժ Սարգսյան, կարելի է երկար թվարկել այս անունները։

Հեղափոխությունների ժամանակ կարևոր նախադրյալներից են իշխող էլիտայի մեջ եղած հակասությունները, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անլուծելի։ Դա ցանկացած երկրում հեղափոխությունների համար կարևոր նախադրյալներից է։

Սերժ Սարգսյանը գնալով երրորդ ժամկետի՝ խախտել էր ներքին խաղի կանոնները։ Նա չէր ցանկանում հանձնել իշխանությունը այլ անձի, ինչն էլիտայի մեջ հակասություն էր ստեղծել, Սերժ Սարգսյանի այդ քայլը «անարդարացի» էին համարում մյուս կողմերը, և Նիկոլի երթը հիշյալ կողմերը փորձեցին օգտագործել յուրաքանչյուրն իր համար։

Այստեղ կար նաև մի այլ հակասություն, որն արդեն լուրջ քննարկման թեմա է՝ Սարժ Սարգսյանի համակարգը արդեն ստագնացիայի մեջ էր, թույլ չէր տալիս զարգանալ տնտեսությանը, քաղաքական պրոցեսները սպանվում էին և դա ճնշում էր ոչ միայն լայն հանրությանը, այլև «խոշոր բուրժուազիային», չինովնիկներին, որոնք ավելի մեծ ազատություններ էին ուզում։

Կհիշեք, որ Քոչարյանի տղաները ցուցադրաբար երթերին էին մասնակցում, Դալմայի և Սամվել Կարապետյանի մյուս հիմնարկների աշխատողները, երբեմն ցուցադրաբար, ադմինիստրացիաների կողմից ուղարկվում էին հանրահավաքների և այլն։

Ծառուկյանի համար նույնպես հարմար պահ էր ազատվել Սարգսյանից, նա դեռ հիշում էր նախկին վիրավորանքը։

Յուրաքանչյուր կողմ ցանկանում էր օգտագործել հարմար պահը։ Քոչարյանի ու Կարեն Կարապետյանի հաշվարկներով վարչապետ պետք է դառնար Կարապետյանը, հաջորդ փուլում փորձ արվեց Արմեն Գևորգյանին դարձնել վարչապետ։ Հետո առիթից փորձեց օգտվել Ծառուկյանը և այդպես շարունակ։

Հաջորդ փուլում արդեն Սերժ Սարգսյանը չէր ցանկանում, որ իշխանությունը հանձնվի իրեն «դավաճանած» նախկին պարտնյորներին։

Սակայն իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից և այդ «հեղափոխական» կողմերը պարտվեցին։ Դեպքերի նման զարգացումն իրենց համար անկանխատեսելի էր։

Սա գրում եմ, որպեսզի պարզ դառնա դեպքերի զարգացման ընթացքը։ Հեղափոխությունների տրամաբանությունը կարևոր է հասկանալ։ Մարդ ես, մեկ էլ տեսար պետք գա։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը