Լրահոս

04.03.2010 15:06


Խիստ նկատողություն գյուղատնտեսության նախարարին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին.
«2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու։ Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն։ Արդյո՞ք այդպիսին է վիճակն այսօր։ 2008-2009թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, որոնք մենք պետք է շտկեինք, եւ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ։ Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները։ Բնականաբար, 2010թ. մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ստանալով Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրությու ն եւ պարզել, որ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը 2010թթ. համար պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այս իրավիճակը շտկվի, ավելին, մրցույթի պայմանները այնպես են կազմված եղել, որ ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում։ Իսկ գները բոլոր հաշվարկներով առնվազն 50 տոկոսով կարելի էր նվազեցնել, որովհետեւ պետք է կատարվի նաեւ ինքնարժեքի թվաբանական ուսումնասիրություն։ Եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, մենք ունենալու էինք լուրջ կորուստներ, ուստի ես գյուղատնտեսության նախարարին հանձնարարում եմ միջնորդությամբ դիմել քաղաքացիական ծառայության խորհրդին' ծառայողական քննություն սկսելու վերը հիշատակված քաղաքացիական ծառայողների նկատմամբ' նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար։ Միեւնույն ժամանակ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ես խիստ նկատողություն եմ հայտարարում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին։ Նման աշխատաոճը այլեւս պետք է բացառվի։ Հանրապետության նախագահը մեր առջեւ խնդիր է դրել, որ մենք ինքներս բացահայտենք մեր թերությունները, բացթողումները, հրապարակավ խոսենք դրանց մասին։ Սա է արդար պետություն եւ հասարակություն կառուցելու միակ ճանապարհը»։

Այս խորագրի վերջին նյութերը