Քաղաքական

19.10.2018 15:12


Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է համարում, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում Հանրապետականի մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե Հանրապետականի վարկանիշը կարևոր չէ՞՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երբ որ ասում եմ՝ պետք է գնահատենք ռեսուրսները, նաև՝ վարկանիշը, դրա համար մենք չենք շտապում հայտարարություն անելու, մենք ժամանակ ունենք, դրա մասին հայտարարություն կանենք»։

Փաստորեն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն «տրամադրվածություն ունի» մասնակցելու ընտրություններին, իսկ թե ո՞վ է կգլխավորի ցուցակը, Վահրամ Բաղդասարյանն այդ հարցի պատասխանը դեռ չունի. «Դուք հարցեր եք տալիս, որոնց պատասխանները դեռ չկան»։

Հարցին, թե մտավախություն կա՞ խորհրդարան չանցնելու հետ կապված, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ։ Քաղաքական ուժը պարտավոր չէ, նրա ճակատին գրված չէ, որ պետք է լինի իշխանություն, կամ խորհրդարանում, կարող է տարբեր տեղերում հայտնվել»։

Այս խորագրի վերջին նյութերը