Քաղաքական

12.03.2010 12:15


Ջավախահայության խնդիրները չեն կարող նույնը լինել, ինչ Վրաստանում ապրող վրացիներինը

Ջավախահայության խնդիրները չեն կարող նույնը լինել, ինչ Վրաստանում ապրող վրացիներինը

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոլ Տավատաձեն երեկ հայտարարել էր, թե ջավախահայության խնդիրները նույնն են, ինչ Վրաստանի մյուս շրջանների բնակիչներինը։

«7օր»-ի հետ զրույցում «Նորավանք» հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն ասել է, թե ջավախահայությունն իսկապես խնդիրներ ունի, և դրանք չեն կարող նույնը լինել, ինչ Վրաստանում ապրող վրացիներինը։

Ջավախահայությունն ունի ազգային ինքնության, ազգային դիմագիծը պահպանելու խնդիր, իսկ Վրաստանում էթնիկ վրացիները նման խնդիրներ իհարկե չունեն։

Թամարա Վարդանյանն ասել է. «Ես կհամաձայնվեի հարգարժան դեսպանի հետ այն դեպքում միայն, եթե ինքը համաձայնվեր այն կարծիքի հետ, թե Խորհրդային Միության կազմում վրացիները չունեին ազգային դիմագիծը պահպանելու և ռուսիֆիկացմանը դիմակայելու խնդիր։ Իրականությունն այն է, որ թե՛ վրացիները, թե՛ հայերը ԽՍՀՄ կազմում, այնուամենայնիվ, նման խնդիրներ ունեին։ Բայց չմոռանանք, որ Խորհրդային Միության կազմում Վրացական ԽՍՀ-ում պետական լեզուն վրացերենն էր (ինչպես և Հայկական ԽՍՀ-ում՝ հայերենը), ինչը հնարավորություններ էր ստեղծում ազգային մշակույթի, լեզվի, ավանդույթների և մեծ իմաստով՝ ինքնության պահպանման և զարգացման համար։ Հիշենք միայն 1978թ. դեպքերը, երբ Մոսկվան ցանկանում էր վերացնել վրացերենի պետական կարգավիճակը և ռուսերենը դարձներ պետական լեզու։ Վրաց վերնախավի կողմից այս մարտահրավերը լուրջ և իրավացի դիմադրության արժանացավ։ Շնորհիվ այդ դիմադրության՝ մարտահրավերը չեզոքացվեց։ Բայց ջավախահայությունն այսօր ավելի վատ պայմաններում է, քանի որ զրկված է անգամ մայրենի լեզվով սոցիալիզացվելու, ստեղծագործելու, զարգանալու հնարավորություններից։   

-Եթե հարգարժան դեսպանը կհամաձայնի այն կարծիքին, որ ԽՄ տարիներին վրացիները չունեին ազգային դիմագիծը պահպանելու խնդիր, միգուցե մեծ վերապահումներով փորձեինք համաձայնվել իր հետ, որ ջավախահայությունը նույնպես նման խնդիրներ ներկայումս չունի, և նրանց խնդիրները նույնն են, ինչ Վրաստանի մյուս քաղաքացիներինը։ Ցավոք սրտի, այդպես չէ - ընդգծել է Թ. Վարդանյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը