Աշխարհ

21.12.2018 15:22


Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, այս մասին հաղորդում է բելառուսական «БЕЛТА»գործակալությունը:

Հայտնի է, որ Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Զասի հետ, որի ժամանակ վերջինս ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը կատարած այցերի մանրամասները: Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան այցելած Զասը հայտնել է, որ այդ երկրների առաջնորդները հավանություն են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը:

Նշվում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման նման ձևաչափ Լուկաշենկոն առաջարկել էր դեռևս նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է, որ մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,-ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Հետկանչի ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիկովը:

Առավել հավանական թեկնածու է համարվում Ստանիսլավ Զասը. 54-ամյա գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը:

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը