Մեկնաբանություն

15.03.2010 18:20


Էկոնոմիկայի նախարարին չի փրկում անգամ Ուրուգվայի փորձի իմացությունը

Էկոնոմիկայի նախարարին չի փրկում անգամ Ուրուգվայի փորձի իմացությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարին չես նախանձի։ Նրան Հրանտ Բագրատյանը «մրգային» որակումներ է տալիս՝ շեշտը դնելով դամբուլի վրա։ Դե Բագրատյանը ՀԱԿ-ից է, և նրա ասածները Ներսես Երիցյանը կարող է մեկնաբանել որպես ընդդիմադիր գործչի չուզողություն և ագրեսիա։ Բայց երբ Էկոնոմիկայի նախարարի գործունեությանը բացասական որակումներ է տալիս նաև իշխանության կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ստացվում է, որ նախարարն անընդունելի է քաղաքական դաշտի լայն սպեկտրի կողմից։

Հիշեցնենք, որ Ծառուկյանն ասաց, թե Երիցյանը չի տիրապետում էկոնոմիկային, իր տեղում չէ,  և այդ մասին ՀՀ նախագահն էլ գիտի։

Այն, որ մեր երկրում շատ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, նորություն չէ։ Նորությունը տվյալ դեպքում այն է, որ Ծառուկյանի ասածները տեղավորվում են «Կուժ քեզ ասում եմ, կուլա դու լսի» տարբերակի մեջ։ Այսինքն, վարչապետի շրջապատը ներկայացնող նախարարի վրա «բոչկա գլորելով»՝ ԲՀԿ ղեկավարը քար էր նետում նաև Տիգրան Սարգսյանի «բոստանը», ընդ որում՝ հրապարակավ։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ներկոալիցիոն լարվածությունն այլևս հնարավոր չէ թաքցնել։

Թե ինչպիսին կլինի «կոնտրագենտների» պատասխանն իրենց կոալիցիոն գործընկերոջը, պարզ կդառնա առաջիկայում։ Եթե վարչապետը «կուլ» գնա, ապա «տղայական» տրամաբանությամբ առաջնորդվող իշխող շրջանակներում դա կընկալվի որպես «փչացում»։ Եթե վարչապետը «կուլ» գնա, ինչ-որ առումով դա կնշանակի նաև ՀՀ նախագահի «կուլ» գնալ, քանի որ վարչապետը համարվում է Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի անդամ և այս պահին գրեթե անփոխարինելի է վերջինիս համար, քանի որ իրականացնում է նախագահականից իջեցրած բոլոր ցուցումները։

Փաստորեն, կենացները գնալով քաղցրանում են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը