Լրահոս

23.01.2019 16:54


Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: «Արմենպրես»-ի հացին ի պատասխան` այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով քննիչը կասեցրել է գործը: Մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել դեպքի վայրի զննություններ ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, կատարվել է հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն, հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ են քաշվել մի շարք վարկածներ և ստուգվել, որոնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետախուզական շներ և այլն: Վերոհիշյալ կատարված բազմածավալ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ»,- ասաց Խաչատրյանը:

Հայկի անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, իսկ արդեն հունիսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 10 օր որոնողական աշխատանքներ են իրականացրել Արարատի, Կոտայքի և նույնիսկ Երևանի մի շարք վարչական շրջաններում, որին ներգրավված են եղել տասնյակ փրկարար, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ, սակայն որոնողական աշխատանքները ավարտեցին անարդյունք: Որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիների կողմից ահազանգեր եղան 14-ամյա Հայկ Հարությունյանին տեսնելու վերաբերյալ, սակայն գրեթե բոլոր ահազանգերը չեն հաստատվել: Տասն օր անց` հունիսի 18-ին ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում էր կայացրեց: Նույն օրը Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել`քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

«Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը