Քաղաքական

30.01.2019 12:29


ՍԴ–ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ–ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Այս մասին ասված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ:

Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:

Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:

Դիմողի կարծիքով Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Դրանից բացի նշում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատավորի և, հետևապես՝ դատարանի անկախության առանցքային կանոնն ամրագրող այս դրույթը, ի թիվս այլնի, ամրագրում է նաև Սահմանադրությանը համապատասխան գործելու դատավորի պարտադիր լիազորությունը, ինչը նշանակում է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին: Դատարանների կողմից սահմանադրական նորմերի ճիշտ և միատեսակ ընկալմամբ, մեկնաբանմամբ և կիրառմամբ է պայմանավորվում նաև սահմանադրականության հաստատումը:

***

ՍԴ դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին, սակայն դատարանը վարույթ ընդունելը մերժել է

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարությանօրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործիքննությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական վեճի հիմնական առարկան էր հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք չեն հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից:

Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է փաստաբանական խմբի կողմից ներկայացված այդ դիմումին:

Սահմանադրական դատարանի կողմից ընդունված ծավալուն որոշմամբ շեշտվել է, որ Սահմանադրության մեկնաբանության հարցերին վերջնական լուծում տալու լիազորությունը վերապահված է միայն Սահմանադրական դատարանին: Համանման պնդում ներկայացվել էր հենց դիմումի մեջ: Դատարանը նաև ընդգծել է, որ բոլոր դատարանները, այլ ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

Քանի որ Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծել է, որ հենց վերջնական լուծումը սահմանադրական նորմերի մեկնաբանման վերաբերյալ վերապահված է վերջիններիս և այդ գործառույթների բաժանման մոտեցումներն այդ աստիճան հստակությամբ չէին արձանագրվել, թեև դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին՝ դատարանը վարույթ ընդունելը մերժել է:

Պետք է նկատել, որ Սահմանադրական դատարանը բազմիցս հղումներ կատարել է իր իսկ կողմից ընդունված աշխատակարգային որոշումներին և նման ծավալուն աշխատակարգային որոշումը կարող է օգտակար լինել առհասարակ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացում: Իսկ տվյալ դեպքում մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել էին երեք դիմումներ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը