Քաղաքական

30.01.2019 13:51


Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպումներ կլինեն. Գրիգորի Կարասին (տեսանյութ)

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպումներ կլինեն. Գրիգորի Կարասին (տեսանյութ)

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումները:

Հունվարի 30-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Կարասինի խոսքով՝ առաջիկայում էլ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպումներ են սպասվում, որի ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են:

«Մենք ողջունեցինք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն հայտնեցինք, որ դրանք շարունակվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Առջևում նոր հանդիպումներ են: Ինչպես հասկանում եմ՝ դրանք տեղի կունենան տարբեր՝ երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակներով»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նրա խոսքով՝ հանդիպումները պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի իրական արդյունքեր ու առաջընթաց արձանագրվի: Գրիգորի Կարասինը կարծիքով՝ հիմա չափազանց կարևոր է, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ միջազգային իրադրությունը կանխատեսելի և հանգիստ լինի: «Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգիստ իրավիճակը կա: Միջազգային հանրության շրջանում կոնսենսուս կա: Եռանախագահող երկրները, ԵՄ-ն միակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»,-ասաց Կարասինը:

Բանակցություններում առաջընթացի մասին հարցին ռուսաստանցի դիվանագետը դժվարացավ պատասխանել. «Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի, բայց պետք է իրատես լինել և ապավինել ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների օգնությամբ»:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը