Քաղաքական

18.03.2010 15:13


Հաջորդ խորհրդարանում ՀՀԿ–ն մեծամասնություն կկազմի՞

Հաջորդ խորհրդարանում ՀՀԿ–ն մեծամասնություն կկազմի՞

Այսօր խորհրդարանական խմբակցություններից հետաքրքրվեցինք՝ թե՛ արտահերթ, թե՛ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին մեծամասնություն կկազմի՞։

-Կփորձի կազմել,- պատասխանեց ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

-Ինչ՞ միջոցներով։

-Բոլոր իրեն հասու։

-Կհաջողվի՞ դա ՀՀԿ-ին։

-Հուսով եմ, որ ո՛չ,- ասաց Վ. Հովհաննիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանն էլ պատասխանեց.

-Ես հո գրբա՞ց չեմ, ի՞նչ իմանամ՝ ոնց կլինի: Ժողովուրդն ում շատ կվստահի, ինձ թվում է՝ նրան էլ կընտրի, եթե չլինեն խախտումներ: Ժողովուրդն արդեն լավ հասկանում է:

Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններին որպես դիտորդ երկու անգամ մասնակցած ԲՀԿ պատգամավորը հույս ունի, որ Հայաստանում նույնպես Ուկրաինայի օրինակով, ի վերջո, արդար ընտրություններ կանցկացվեն։

-Սրտանց կցանկանայի, որ չկեղծվեին, բայց ոնց կկազմակերպեն՝ թող մնա ամեն մեկի խղճին: Ի վերջո, կանցնի ժամանակ, և ամեն մի վատ բան էլ արևի երես դուրս կգա։ Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում։ Եթե ոչ հիմա, 5 տարի հետո կպարզվի, թե երբ ինչ է եղել,- եզրափակեց Գ. Ենոքյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելը ճիշտ չի համարում։

-Երկու տարի ժամանակ ունենք, բոլորն աշխատում են, կգանք ընտրություններին, ընտրությունից հետո պարզ կլինի, թե ով վստահության ինչ քվե ունի,- պատասխանեց նա,- փորձում ենք առավելագույնը ժողովրդի քվեով որոշել։ Ձգտելու ենք դրան։ Ինչքանո՞վ կհաջողվի՝ կյանքը ցույց կտա։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, և, դե իհարկե, համոզված է, որ հաջորդ գումարման խորհրդարանում իրենց կուսակցությունը կրկին մեծամասնություն կկազմի։

-Մեծամասնություն կկազմի, որովհետև այն գործընթացները, որոնք այսօր մեր պետության իմիջի հետ են կապված, բավական լուրջ ձեռքբերում են միջազգային հանրության մեջ։ Առավել ևս այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք, թեպետ ճգնաժամային իրավիճակը մի փոքր խանգարեց, բայց կարծում եմ, որ իրավիճակն աշնանն արդեն շտկված կլինի,- նշեց Գ. Սահակյանը:

Փոխարենը «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ հաջորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի.

-Արդեն մոտենում է այն պահը, որ ամբողջահեծան, միակուսակցական համակարգը՝ բոլշևիկից մինչև հանրապետական, պետք է իր վերջը գտնի, և հույս եմ տածում անգամ հավանականությունների դեմ, որ հանրապետականը, վերադառնալով ի շրջանս յուր, իր արմատներին, իր բուն սկզբունքներին, կդառնա խիղճ, ուստի և՝ փոքրամասնություն:

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը