Քաղաքական

13.02.2019 18:56


«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել, ոչ էլ՝ ցուցմունք նրա դեմ»․ Սիլվա Համբարձումյան

«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել, ոչ էլ՝ ցուցմունք նրա դեմ»․ Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում հերքում է տարածված տեղեկությունը, թե ինքը անձամբ կաշառք է տվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել և նրա դեմ նման ցուցմունք չեմ տվել, ես Մայրապետյան Սամվելի դեմ եմ ցուցմունք տվել։ «Մարտի 1»-ի հետ կապված էր, 2 միլիոն դոլար փոխանցում ունեի և ասում էին՝ ինչի՞ համար ես տվել, ես էլ չէի հիշում, հետո ասեցի՝ հա հիշեցի, Մայրապետյանին 2 միլիոն փոխանցել եմ կաշառքի համար։ Մայրապետյանն էլ ասաց՝ այո՛, փոխանցել ա, բայց չգիտեմ ինչի համար։ Այսինքն՝ Մայրապետյանը հաստատեց, որ փոխանցում իմ կողմից իրեն եղել է, բայց ինչի համար՝ չի ասել։ Իմ փոխանցումը փաստաթղթով հիմնավորված է։ Մայրապետյանն էլ մտերիմ ա Քոչարյանի հետ, դրա համար ինձ տարել էին հարցաքննության։ Ես գումար տվել եմ Մայրապետյանին, ես անձամբ Քոչարյանին գումար չեմ տվել։ Ես ասել եմ, որ Մայրապետյան Սամվելի հետ եմ գործ ունեցել, իրեն եմ տվել, մնացածը ի՞նչ ա եղել, ինձ չի հետաքրքրել»,-ասաց նա:

Գործարարն ասաց նաև, որ իր համար նույնիսկ զարմանալի է, որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ․ «Շատ զարմանալի էր, որովհետև Մայրապետյան Սամվելի հետ իմ հարցաքննումը և առերեսումը եղել է 2018-ի հոկտեմբերի 6-ին, և ամիսներ հետո ինչու՞ է շահարկվում, ինձ հայտնի չի։ Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ես «Մարտի 1»-ի գործով չեմ հարցաքննվել։ Իմ անունը Քոչարյանի հետ կապում են Մայրապետյան Սամվելով։ Մայրապետյան Սամվելին ես ինչի՞ համար պետք ա փող տայի, երևի որպես վարկած են այդպես մտածում»։

Հարցին՝ եթե կաշառք տալու վերաբերյալ հիմք չլիներ, արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք կառաջադրվեր, տիկին Համբարձումյանը պատասխանեց․ «Դե գիտեք ինչ, հենց ամբողջ էդ գումարները որ փոխանցվել են Մայրապետյան Սամվելին, դա արդեն կասկածի տեղ ա տալիս: Մայրապետյան Սամվելը ոչ մի պաշտոնական դիրք չէր զբաղեցնում»։ Ճշտեցինք, այսինքն՝ ենթադրելի է, որ Քոչարյանի՞ն է փոխանցվել այդ գումարը, Սիլվա Համբարձումյանն ասաց․ «Ինչի՞ մենակ Քոչարյանին, Սերժին էլ էին ասում։ Պրոստը գիտեք, ցավը նա է, որ Քոչարյանինը շահարկվում ա, Սերժինը չի շահարկվում, այսինքն՝ ուրեմն միտումնավոր ինձ հետ ուզում են որևէ մի բան կապել։ Երբ գործարք եմ արել, ես ասել եմ ինձանից ինչ են ուզել, ես փոխանցել եմ, իմ շնորհակալությունը հայտնել եմ, կաշառքի թեմա չի եղել։ Հիմա թե ոնց են մեկնաբանում, ի՞նչ են անում, ես չգիտեմ և այսքան ամիս հետո»։

Սիլվա Համբարձումյանի համար կասկածելի է նաև փաստը, որ ինքը հարցաքննվել է հոկտեմբերի 6-ին, նույն օրը նաև առերեսվել է Սամվել Մայրապետյանի հետ, սակայն ամիսներ անց է միայն մեղադրանք առաջադրվում։

Այս խորագրի վերջին նյութերը