Մեկնաբանություն

19.03.2010 19:32


Տիգրան Սարգսյան և Ներսես Երիցյան «քաղցր» զույգը

Տիգրան Սարգսյան և Ներսես Երիցյան «քաղցր» զույգը

«Я не налетчик, а "идейный борец за денежные знаки"»

Остап Бендер  

Ներսես Երիցյանի շուրջ վերջերս տեղի ունեցած հրապարակային գործընթացները, անկախ այն հանգամանքից, թե ով այն նախաձեռնեց, և ինչ ընթացք ունեցավ, պետք է դիտարկել հայաստանյան տնտեսության մեջ արձանագրվող արդյունքների պրիզմայով։ Իսկ արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ են:

Ներկայիս էկոնոմիկային նախարարին, մեծ հաշվով, ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց արի ու տես, որ նրա դեմ ծավալված արշավը խորն է ու բազմաշերտ: Նրան ու նրա նմաններին դեմ են թե՛ կոալիցիոն շրջանակների ճնշող մեծամասնությունը, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ–ն, թե՛ բիզնես հանրությունը: Ըստ այդմ՝ Ներսես Երիցյանին տրվող որակումները տեղավորվում են դամբուլայինից մինչև ոչ կոմպետենտության տիրույթում։ Սա ունի մեկ բացատրություն. մարդիկ անլուրջ են վերաբերվում Ներսես Երիցյանին որպես անձ ու նախարար, սակայն առավել քան լուրջ են վերաբերվում նրա ու նրա թիմի գործունեության հետևանքներին: Ասել է թե ' տնտեսական առկա աղետին:

Բանն այն է, որ երկրում արձանագրվել է երկնիշ տնտեսական անկում։ Ընդ որում, տարվա կտրվածքով իրական անկումը ոչ թե 14,4, այլ շուրջ 30 տոկոս է, եթե հաշվի առնենք դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Այս ամենի համար պատասխան տալու փոխարեն վարչապետն ու նախարարը փորձում են հարցը տեղափոխել այլ հարթություն և փրկօղակ են դարձրել միջազգային տնտեսական ճգնաժամին հղում անելը։

Պարզ է, որ Ներսես Երիցյանը չէ տնտեսության ներկայիս խայտառակ վիճակի պատասխանատուն։ Կամ, ավելի ճիշտ, Երիցյանը չէ այս ամենի հիմնական պատասխանատուն։ Գաղտնիք չէ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիսանում է վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի անդամ, և ուրեմն ոսկու սիրահար վարչապետն է ի պաշտոնե բիզնեսի կաթվածահար վիճակի թիվ մեկ «հերոսը»։ Էկոնոմիկայի նախարարին շատերը չեն էլ հիշելու, երբ նա «թոշակի» անցնի։ Նման դեմքերը շատ էպիզոդիկ են մեր կյանքում, ինչպես որ շատ ու շատ նախարարներ, որոնց անուններն իրենց պաշտոնավարման տարիներին հայտնի չէին ժողովրդին, էլ ուր մնաց՝ հետո հիշվեն։ Երիցյանների նմանները շատ հանգիստ կարող են վաղը, մյուս օրը լքել մեր երկիրը և հայտնվել որևէ տաքուկ անկյունում՝ մինչ այդ հասցնելով այստեղ ապահովել իրենց ապագա բարեկեցության հիմքերը։

Երիցյանի նմանները «դիսքաշըններով» են իրենց օրն սկսում, խոսքի մեջ հաճախ տերմիններ են օգտագործում, որոնց իմաստը հիմնականում իրենք չեն էլ հասկանում,  պարբերաբար հիշում են Սինգապուրը, որպեսզի «ապացուցեն», թե որքան «հայ լեվըլ» ունեն և իրենց միակ գործն են համարում նյուվասյուկիական հեքիաթներ պատմելը։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, որ Երիցյանը հպարտացել է, թե ինքը կառավարության հեքիաթասացն է և վատ չի զգում դրանից։ Հենց որ նախկին հեքիաթները կորցնում են իրենց «արդիականությունը», «շտատնի» հեքիաթասացը նոր բան է մոգոնում, և այդ գործում նրա հիմնական ոգեշնչողը «Հայկական աշխարհի» գաղափարախոսն է։

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ ներսեսերիցյանները մեր երկրին նայում են սպառողական հայացքով։ Այսօր նրանք պաշտոնի են ու փորձում են տնտեսական ձախողումները հիմնավորել դեմքի «խորաթափանց» արտահայտությամբ, իսկ վաղը կարող են հանգիստ լքել Հայաստանը՝ մեզ թողնելով սեփական ոչ պրոֆեսիոնալիզմի դառը պտուղները վայելելու «հաճույքը»։

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է վարչապետից ու Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել, թե ու՞ր մնաց Գյումրիի զարգացումը, որը պատկերավոր դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել էին ծովի նկարներ և «բլանդինկա» աղջիկներ (տե՛ս՝ http://www.mineconomy.am/am/81/ )։ Ոսկու սիրահար վարչապետի ու «միջազգայնագետ» նախարարի երևակայությունը և բենդերիզմը տվյալ դեպքում չափն անցել էին։ Գյումրեցիները երևի տեղյակ չեն, որ իրենք արդեն ծովափնյա քաղաք են։ Այդ «բացը» լրացնելու համար՝ Երիցյանը նրանց առաջարկում է ընդամենն այցելել նախարարության կայքէջ և վերջ։ Ոչինչ, որ Գյումրիում մարդկանցից շատերը չեն կարողանում օրվա հացի գումարը վաստակել, «զատո» Էկոնոմիկայի նախարարության և վարչապետի ելույթների ու ծրագրերի շնորհիվ շուտով ծով են ունենալու։

Ո՞ւր մնաց Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու ամպագոռգոռ ծրագիրը։ Տիգրան Սարգսյանն ու Ներսես Երիցյանը, «կենտրոն» ասելով, հավանաբար նկատի էին ունեցել Դիլիջանի որևէ տարածքում շինարարություն անելու «փուչիկ» PR-ը։ Իսկ իրականությունն այն է, որ Դիլիջանում այսօր դժվար է գտնել անգամ փոխանակման կետ, էլ ուր մնաց, թե այդ քաղաքը ֆինանսական կենտրոնի վերածվի, այն էլ՝ միջազգային։

Ի դեպ, զարմանալի է, որ Դիլիջանում դժվար է գտնել փոխանակման կետ, քանի որ ինչ ինչ, բայց փոխանակման կետ «տղերքը» պետք է որ բացած լինեին։ «Փոխանակումը», ինչպես հայտնի է, ԿԲ-ի նախկին ու ներկա «դեմքերի» սիրած գործն է, քանի որ դոլար-դրամ խաղերով էր, որ «միջազգային» կենտրոնների սիրահարներից շատերը կապիտալի նախնական կուտակման ցավոտ փուլը «պատվով» հաղթահարեցին՝ այդ ընթացքում ոչնչացնելով մեր տնտեսության արտահանումը։ Հավանաբար այդ իմաստով պետք է ընկալել «ճգնաժամը պատվով հաղթահարեցինք»  երիցյանական ձևակերպումը:

Դե իսկ ՀՀ-ի միջազգային տուրիստական կենտրոն դառնալը պարզվեց, որ օգտագործված ճոպանուղի ներմուծելով է լինելու։ Ներսես Երիցյանն այս ճգնաժամի փուլում հասցրել էր ձմեռային «կայֆերը» Շվեյցարիայում անել ու ձեռքի հետ «կպցնել» «էժանով» ճոպան, որը պետք է դառնար նրա նյուվասյուկիզմի նորացված ուղին։

Թերևս կարիք չկա անդրադառնալու Սարգսյան Տիգրանի ու նրա Ներսեսի «գլուխգործոց» մյուս ծրագրերին։ Դրանցից ոչ մեկը չի իրականացել և չէր էլ կարող իրականանալ։ Ամեն ինչ պարզ է։ Պարզապես պարզ չէ, թե միջազգային փորձին պարբերաբար հղումներ անող ու անտաղանդ անգլերենով հայ ժողովրդին զարմացնել փորձող այդ պաշտոնյաներն արդյոք չե՞ն ուսումնասիրել միջազգային մեկ այլ փորձ, որը հուշեր նրանց, որ եթե տնտեսության մեջ գրանցվում են խայտառակ արդյունքներ, ապա կառավարության տնտեսական բլոկը ներկայացնողներն անցնում են «վաստակած» հանգստի, այսինքն՝ հրաժարական են տալիս:

Տնտեսության նման պատկերը և վարվող քաղաքականությունը կրկնակի վտանգավոր են դառնում մեզ համար այն պատճառով, որ Հայաստանը սառեցված հակամարտություն ունի, և հակառակորդը, դա տեսնելով, կարող է դիմել կտրուկ քայլերի՝ հաշվի առնելով մեզանում արձանագրված տնտեսական ցուցանիշները, շարունակվող անկումը և կառավարման այն որակը, որին ամեն օր ականատես ենք լինում մենք ու մեր հարևանները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երիցյան Ներսեսի կողմից ճգնաժամը պատվով հաղթահարելու մասին  հաղորդումից ընդամենը մի քանի օր անց հայկական դրամը կտրուկ արժեզրկվեց' խուճապ առաջացնելով շուկայում: Բայց այդ օրերին նախարարը կրկին Հայաստանում չէր ու, երևի, բանից անտեղյակ: Դոլարը, հավանաբար, զգացել էր, որ Երիցյանը տեղում չէ ու սկսել էր, առիթից օգտվելով, թանկանալ։ Մնում է միայն հուսալ, որ գերմանիաներից գալուց հետո՝ էկոնոմիկայի նախարարն այս անգամ չի սպառնա Հայաստանում կիրառել արդեն Գերմանիայի փորձը. մարդն ուր գնում է՝ այդտեղի փորձն է ուզում ներդնել, ի՞նչ կարող ես անել։ Հայ ժողովուրդը դեռ չի հասցրել մարսել նրա  շվեյցարական այցելության հետևանքները և պատրաստ չէ մյուս «նորարարություններին»։

Այս խորագրի վերջին նյութերը