Հարցազրույց

21.03.2010 12:59


Խաչիկ Հարությունյան

Խաչիկ Հարությունյան

Հարցազրույց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր  Խաչիկ Հարությունյանի հետ

-2006թ., երբ ներկոալիցիոն խնդիրներ առաջացան, «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից։ Այսօր հնարավո՞ր է, որ կոալիցիայի պառակտման կամ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու խնդիր առաջանա։

-Չեմ կարծում, որ նման խնդիրներ կարող են առաջանալ, ուղղակի որոշակի տեսակետներ և դիրքորոշումներ են հնչել մի կողմից, մյուս կողմից էլ՝ պարզաբանումներ։

-«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին օրերին երկու նախարար փոխեց։ Չե՞ք կարծում, որ կոալիցիայի քվոտայով տվյալ կուսակցությանը պատկանող նախարարին փոխելու հարցը պետք է ողջ կոալիցիայում լայն քննարկման առարկա դառնար։

-Կուսակցությունն ինքը պետք է որոշի, թե կառավարությունում իր ներկայացուցիչներն ովքեր պետք է լինեն, քանի որ, ի վերջո, այդ ոլորտների համար պատասխան է տալիս հենց կուսակցությունը: Այս դեպքում մեր առաջադրած թեկնածուների հարցը  նախապես քննարկվել և համաձայնեցվել է հանրապետության նախագահի հետ, քանի որ նախ մենք մի քաղաքական թիմ ենք, և, ի վերջո, նախարարներն աշխատում են և՛ կառավարության, և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ, ու պետք է լինի ընդհանուր համաձայնություն։ Կարծում եմ՝ սա շատ նորմալ, տրամաբանական  գործընթաց է։

-Խոսենք նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայի խորհրդարանն արձանագրությունները ե՞րբ կվավերացնի։

-Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, մանավանդ երբ գործ ունենք այնպիսի «գործընկերոջ»  հետ, ինչպիսին Թուրքիան է։ Եթե սկզբից Թուրքիային չհաջողվեց նախապայմաններ թելադրել Հայաստանին կամ դրանք ներառել արձանագրությունների մեջ, կարծում եմ՝ նրանք մտածել են դա փորձել անել  հետագայում՝ մինչև խորհրդարանների կողմից վավերացումը, ինչը չի ստացվում։ Միգուցե նրանք այդպես էլ արձանագրությունները չվավերացնեն, միգուցե վիժեցնեն  գործընթացը: Չնայած  այսօր արդեն միջազգային հանրությունը և այն երկրները, որոնք շահագրգռված են, միանշանակ արտահայտեցին իրենց դիրքորոշումները և իմ կարծիքով անելու են ամեն հնարավորը գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Ինչևէ,  չեմ փորձի կոնկրետ ժամկետներ ասել, ուղղակի պետք է լավատես լինենք այնքանով, որ, ինչպես նշեցի,  խնդրի կարգավորման հետ մեծ հույսեր են կապում այնպիսի երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ն է, եվրոպական երկրները և Ռուսաստանը: Մենք մեր կողմից պատրաստ ենք արձանագրությունները վավերացնել Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո:

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը   

Այս խորագրի վերջին նյութերը