Լրահոս

20.02.2019 19:40


Երևանում գողություն է կատարվել ավտոմեքենայից (տեսանյութ)

Երևանում գողություն է կատարվել ավտոմեքենայից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 25-ին՝ ժամը 16:10-ից մինչև 16:20-նն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք բացել են Երևան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, գաղտնի հափշտակել ավտոմեքենայի մարտկոցը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես երկու երիտասարդներ մոտենում են նշված ավտոմեքենային, քաշելու միջոցով բացում են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, հափշտակում էլեկտրական մարտկոցը և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ-ից խնդրում են նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը