Լրահոս

21.02.2019 13:30


«Պետք է մնամ բուհի ռեկտորի պաշտոնում». Արամ Սիմոնյան

«Պետք է մնամ բուհի ռեկտորի պաշտոնում». Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է, որ վերջին շրջանում իր վրա ճնշումներ են գործադրվում, սակայն չի պատրաստվում դրանց ներքո ինքնակամ հրաժարական ներկայացնել։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ Մայր բուհի 100-ամյակի միջոցառումներին չի պատկերացնում վերջինիս մասնակցությունը տոնական միջոցառումներին։

Արամ Սիմոնյանը միաժամանակ հերքեց ԿԳ նախարարի այն հայտարարությունը, թե դեմառդեմ զրույցում ռեկտորն, իբր, ասել է՝ «եթե իմ դեմ քրեական գործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ ես պաշտպանվեմ»։

«Ես այդպիսի բան չեմ ասել, որ ԵՊՀ-ն ինձ պետք է... Ես ասել եմ, որ պետք է մնամ բուհի ռեկտորի պաշտոնում, որպեսզի կարողանամ պաշտպանվել, այդքան բան։ Իմ դեմ ճնշումները պայմանավորված են ամենատարբեր բաներով։ Մտածում եմ և համոզված եմ, որ պատճառներից մեկն իմ կուսակցական պատկանելությունն է (Արամ Սիմոնյանը ՀՀԿ անդամ է՝ խմբ.)», - ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։

Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը բավական հաջող գործակցում է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի և մի շարք այլ աշխատակիցների հետ, որոնք այսօր էլ շարունակում են անդամակցել ՀՀԿ-ին, Սիմոնյանը պատասխանեց՝ դրանք ուշադրությունը շեղելու փաստեր են։

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի դիտարկմանը, որ Արամ Սիմոյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստեր վերջին երկու օրերին հապշտապ հրավիրել է՝ խոսելու իր հանդեպ ճնշումների, հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցերի մասին, մեր զրուցակիցը կտրականապես հերքեց:

«Նա չգիտի, որ մեր Գիտխորհուրդները պլանավորվում են կես տարի առաջ, ընդունվում է ժամանակացույց։ Ասենք՝ սեպտեմբերին ընդունվում է մի կիսամյակի համար, դեկտեմբերին կամ նոյեմբերին՝ մյուս կիսամյակի։ Նախարարը տեղյակ չէ, չգիտի դրա մասին։ Այսօրվա մեր գիտխորհուրդը հերթական մեր գիտխորհուրդն է, որը պլանավորվել է մի քանի ամիս առաջ։ Նա չի պատկերացնում գիտխորհրդի աշխատանքի ձևը, ոճը, կարգը։ Մենք ամեն ամիս ունենում ենք Գիտխորհուրդ, որը նախօրոք պլանավորվում է դեռևս կես տարի առաջ։ Ես երբեք խուճապի չեմ մատնվել, չեմ մատնվում և չեմ մատնվի, հույս չունենա», - հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի ներկա լարվածությունը չազդի կրթական գործընթացների վրա, և կրթության որակը դրանից չտուժի:

Այս խորագրի վերջին նյութերը